Հասարակություն

Խոշոր ու շղթայական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 9 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Lexus, Mercedes, 2 BMW, VAZ 21010, Opel և ZIL մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գավառի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։