Հասարակություն

Ի՞նչ աշխատանքներ է կատարվում դպրոցներում բուլինգի դեմ պայքարում

Կայացել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որից հետո տեղի է ունեցել խորհրդի անդամների և պետական մարմինների ներկայացուցիչների միջև հարցուպատասխան և քննարկում: Հարցուպատասխանին մասնակցել են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը։

Խորհրդի անդամները հետաքրքրվել են՝ ինչ աշխատանքներ է արվում Ոստիկանության ու ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցներում բուլինգի դեմ պայքարում, ինչ ծրագրեր են իրականացվում կապված դպրոցների թաքստոցներում բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։ Հարցուպատասխանի ժամանակ խորհրդի անդամները բարձրաձայնել են ներառական կրթության ոլորտում առկա խնդիրների մասին հարցեր, խոսել են այն դժվարությունների մասին, որոնց բախվում են լսողության և տեսողության խնդիրներ ունեցող ուսանողները կրթական հաստատություններում:

Խորհրդի անդամների մյուս հարցերը վերաբերել են ոչ ֆորմալ կրթությանը, կրթության ոլորտում ռազմավարության մշակման հարցում երիտասարդների մասնակցությանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթությունը հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքներին, երիտասարդության շրջանում ոստիկանության նկատմամբ մտածելակերպի դրական փոփոխության համար արվող քայլերին, անօթևանների խնդիրներին և այլ հարցերի:

ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի կազմում ընդգրկված է 21 անդամ ՀՀ բոլոր մարզերից։ Այն ձևավորվել է նախապես հայտարարված չափորոշիչների հիման վրա։ Խորհրդի ձևավորման գործընթացում ՄԻՊ-ին աջակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը։