Հասարակություն

Կարևորել են Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը

Հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսում կայացած անդրսահմանային աշխատաժողովին:

Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում: Նպատակը Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը բարելավելն է: Վերջնարդյունքը արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծումն է:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատաժողովին է միացել առցանց ձևաչափով:

«Միջոցառումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության և համակարգման ընդլայնմանը»,- նշել է Լենա Նանուշյանը` շեշտադրելով արագ արձագանքման բժշկական թիմերի կարևորությունը:

Հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմի ղեկավար Արմեն Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է 2021 թվականին ծրագրի մեկնարկից հետո թիմի ձևավորման ամբողջ ժամանակահատվածում գրանցված առաջընթացն ու ձեռքբերումները:

Ակնկալվում է մինչև 2023 թվականի ավարտը Հայաստանում և Վրաստանում ստեղծել Արագ արձագանքման բժշկական թիմեր (ԱԱԲԹ), որոնք կհավաստագրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մարդասիրական առաքելություններին: