Հասարակություն

«Գինու ծով»-ը՝ Հայաստանը ճանաչելու հնարավորություն

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամը, ԵՄ-ի հետ համաֆինանսավորմամբ, 2020 թվականից իրականացնում է «Գինու ծով» ծրագիրը։

Նպատակը Հայաստանում և սևծովյան ավազանի երկրներում՝ (Հունաստան, Ուկրաինա, Վրաստան) գինու տուրիզմի զարգացումն է։ Միաժամանակ, Հայաստան այցելած զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվում գինու միջոցով ճանաչել Հայաստանը, լինել երկրի գեղատեսիլ վայրերում և արկածներով լի զբոսաշրջային օրեր ունենալ։

Radar Armenia-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Անի Մանասերյանն ասաց, որ «Գինու ծով» ծրագրի արդյունքում մշակել են 6 թեմատիկ երթուղի։ 

«Ուզում եմ թեմատիկան անպայման նշել, որովհետև դրանք վեր են քարտեզային գծագրումներից։ Եվ միայն գինեգործարանները չենք առաջարկում, այլ, ըստ թեմատիկայի, ունենք «գինին և արվեստը», «գինին և քաղաքային կյանքը» և այլն։ Երթուղիներն ըստ նախասիրությունների են ձևավորված»,-պատմեց Մանասերյանը՝ հավելելով, որ  մշակել են կայք, որը առաջիկա օրերին պատրաստ կլինի. «Կայքում ներկայացված են նշված երկրների բոլոր գինեգործարանները, տուրիստական վայրերը, ինչպես նաև մշակված երթուղիները։ Ավելին ասեմ՝ կայքը հնարավորություն է տալիս ըստ անձի նախասիրությունների գծել անհատական երթուղի։ Եթե անձը նշում է, որ հետաքրքրված է արվեստով կամ արկածային տուրիզմով և, միևնույն ժամանակ, ցանկանում է գինու տուրիզմը զարգացնել, ապա հետաքրքրասիրությունների շրջանակում կգծվի երթուղի»։

Նա նշեց, որ «Գինու ծով» ծրագրի շրջանակներում կազմակերպել են դասընթացներ, որոնք դարձյալ գինու տուրիզմին են վերաբերել, իսկ մասնակիցները եղել են գինեգործարանների, գաստրոբարերի ներկայացուցիչներ և, առհասարակ, գինու տուրիզմով հետաքրքրված անձինք. «Այս ամենին հասնելու համար նախապես հետազոտություններ ենք իրականացրել՝ հասկանալու, թե աշխարհում ինչ տենդենցներ կան, գինու երթուղիները ինչ պոպուլյարություն ունեն, ու հենց այստեղ էլ հայտնաբերել ենք, որ գինու երթուղին  ավելին է, քան միայն գինեգործարան այցելելը, և անհրաժեշտ է այլ վայրեր էլ մեկնել՝ միաժամանակ վայելելով սիրելի գինին»։ 

Հայկ Մագոյան