Հասարակություն

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների թվի էական աճ է արձանագրվել

Շարժական աղբյուրներից արտանետումների կրճատման և շրջակա միջավայրի պահպանության նպատակով՝ Հայաստանում շարունակական են օրենսդրական բարեփոխումներն ու էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործածության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը։ Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը:

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ և մոպեդներ) ներմուծման և (կամ) օտարման մասով ավելացված արժեքի հարկի արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

2022 թվականի մարտի 17-ին 2022 թվականի համար 7.000, իսկ 2023 թվականի համար 8.000 էլեկտրամոբիլների՝ ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է զրոյական մաքսատուրք։ Արտոնությունը տարածվում է նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված էլեկտրամոբիլների վրա։ Բարեփոխումների արդյունքում 2022 թվականին ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների թվի էական աճ է արձանագրվել։

Այսպիսով՝ էլեկտրական տրանսպորտային միջոցների քանակը՝ 2019-ի դրությամբ՝ 668, 2020-ի դրությամբ՝ 2.155, 2021-ի դրությամբ՝ 6.645, 2022-ի 3-րդ եռամսյակի դրությամբ՝ 8.098։ էլեկտրամոբիլների քանակը՝ 2019-ի դրությամբ՝ 145, 2020-ի դրությամբ՝ 258, 2021-ի դրությամբ՝ 1.898, 2022-ի 3-րդ եռամսյակի դրությամբ՝ 2.323։