Հասարակություն

Առողջ սնուցման համար նպաստավոր միջավայրի խթանումը՝ ԱՆ առաջնահերթություններից

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները նորից հաստատում են այս փաստն ու դրա դեմ պայքարի ավելի հասցեական քաղաքականություն մշակում:

Հենց այդ նպատակով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը նոյեմբերի 17-18-ը Երևանում կազմակերպել է աշխատաժողով: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները երկօրյա հանդիպման ընթացքում քննարկում են ապացույցների վրա հիմնված ամենաարդյունավետ քաղաքականությունները, որոնք իրապես հնարավոր է կիրառել իրենց երկրներում:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին մեր երկրում` Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է առողջ սնուցման համար նպաստավոր միջավայրի խթանումը, երեխաների շրջանում սննդի վերաբերյալ գովազդի կարգավորումը, ինչպես նաև շաքարի, աղի և հագեցած ճարպերի քանակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը միտված ռազմավարական առաջնահերթությունների մշակումը:

Երեխաների համար ոչ առողջ սննդամթերքի վաճառքի սահմանափակումների ու սննդի փաթեթի առջևի մասում մակնշում անելու մասին ԱՀԿ-ի արած առաջարկները աշխատաժողովի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին հարմարեցնել իրենց ազգային համատեքստին ու կիրառել իրենց երկրներում: