Հասարակություն

Արդյոք ՌԴ և ԱՄՆ դեսպանատները ՀՀ սահմանային գոտում անվտանգության ռիսկեր են տեսնում

Նոյեմբերի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը թարմացրել է Հայաստան ուղևորվող անձանց տրվող խորհուրդների բաժինը:

Ըստ դեսպանատան հայտարարության՝ Travel.state.gov կայքում ս․թ․ նոյեմբերի 15-ին արտացոլվել է սեպտեմբերի 23-ին ԱՄՆ դեսպանության կայքում ԱՄՆ քաղաքացիների համար հրապարակված զգուշացումը, որտեղ տեղեկություններ էին ներկայացված այն վայրերի մասին, ուր սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից հետո արգելվում էր դեսպանության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների ուղևորությունները՝ ոչ էական նպատակներով։

ՀՀ-ում ՌԴ դեսպանության կայքում ևս շարունակում է պահպանվել դեռևս սեպտեմբերի 13-ից տրված զգուշացումը, որում ՌԴ քաղաքացիներին հորդորել են խուսափել Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք այցելելուց։

Ստացվում է, որ Հայաստանում ՌԴ և ԱՄՆ դեսպանատները շարունակում են անվտանգության ռիսկեր տեսնել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժման առնչությամբ։

Հիշեցնենք՝ սույն թվի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածք և մինչ օրս ետ չեն քաշվել։

Հայկ Մագոյան