Հասարակություն

1 միլիարդ 235 միլիոն դրամ՝ ճանապարհաշինական 3 ծրագիր ավարտելու համար

Կառավարությունը ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությանը 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Թալին-Լանջիկ ճանապարհահատվածների շինարարությունն ավարտելու համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով, կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի համար կհատկացվի 595 միլիոն դրամ, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի համար  կհատկացվի 460 միլիոն դրամ, իսկ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի համար` 180 միլիոն դրամ:

Նախարարը նաև հայտարարեց. «Բավականին  ճանապարհահատվածներ կան, որոնց շինարարությունը ընթացքի մեջ է: Տաթև-Լծեն ճանապարհահատվածի 20 կմ-ից 18.7 կմ-ը ասֆալտապատ է: Եթե կարողանանք Շամբ-Լծեն հատվածն էլ ասֆալտապատել, կստացվի, որ կկարողանանք ձմռանը ճանապարհն օգտագործել»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ձմռանը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն գնացող և այնտեղից եկող բեռնատարները կարողանան երթևեկել այդ ճանապարհով: