Հասարակություն

Գնաճի տեմպերը շարունակում են բարձր մնալ. նախարարը կարևորեց ԿԲ բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանում գնաճին։

Նախարարի խոսքով, գնաճի տեմպերը շարունակում են բարձր մնալ՝ շուրջ 9 տոկոս։ Այս առումով Խաչատրյանը կարևորեց ԿԲ-ի՝ բարձր տոկոսադրույքների քաղաքականության շարունակումը. «Այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9 տոկոսի սահմաններում: Տրամաբանական է, որ 2023 թվականի ընթացքում ԿԲ-ն պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին»։ 

Նախարարը նաև նշեց. «Համաշխարհային միջավայրի առնչությամբ առկա են նաև դրական փոփոխությունների կանխատեսումներ,  այդ թվում՝ պարենի համաշխարհային գների նվազման, միջազգային փոխադրումների շուկաներից եկող լոգիստիկ ծառայությունների հուսալիության բարձրացման, դրանց գների նվազման վերաբերյալ: Այս գործոնները կարող են նպաստավոր լինել 2023-ի ընթացքում արտաքին առևտրի ակտիվացման և դրա ազդեցությամբ տնտեսական աճի համար»։