Հասարակություն

Զինված ավազակային հարձակման փորձ՝ Երևանում գործող «Յուքոմ»ի գրասենյակում

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, դանակով զինված ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում գլխարկով գլուխը փակած մի քաղաքացի դանակով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով 220/5 հասցեում գործող «Յուքոմ»-ի սպասարկման գրասենյակ և ակնհայտ այնտեղից փորձել է հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հանցագործին տեղում վնասազերծել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողաան ծառայության աշխատակիցը, որն այդ պահին անցնելիս է եղել նշված վայրով ու նկատել է, որ գրասենյակի ներսում աժիոտաժ է, ապա նա, վտանգելով իր կյանքը, մտել է ներս ու վնասազերծել հանցագործին։

Մինչ դեպքի վայրում քննիչները տեղազննություն էին կատարում, գրասենյակից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է խոհանոցային դանակ, որը հանդիսանում էր հանցագործության գործիք։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վնասազերծվածը Երևանի բնակիչ՝ 39-ամյա Սահակ Ս-ն է, որը տեղափոխվել է ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ նրան ներկայացրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Զինված հանցագործին վնասազերծել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակից Սարգիս Մկրտչյանը։