Հասարակություն

Չինաստանը կաջակցի Տավուշի մարզի զարգացմանը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից: Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը:

Մարզպետը դեսպանին ներկայացրել է Տավուշի մարզը և հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Տավուշի մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության ու կրթության ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր:

Դեսպանն իր խոսքում վստահեցրել է, որ այս ոլորտների զարգացումն արդյունավետ կլինի, որովհետև Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի: Դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա Չինաստանին աջակցել մարզի զարգացմանը: Հանդիպման ավարտին ներկաները միմյանց հանձնեցին հուշանվեր՝ ի նշան բարեկամության, որից հետո այցելեցին Մակարավանք: