Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Рус Eng

Մեծամորը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Հասարակություն

15 Նոյեմբերի, 19:10

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը:

Մինչ գնահատականների հայտարարումը մրցույթի ամփոփման ընթացակարգը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Մրցութային հանձնաժողովի քարտուղար Վերոնիկա Խորասանյանն էլ ներկայացրել է հայտերի գնահատման և մրցույթի անցկացման ամբողջ գործընթացը:

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցութային հանձնաժողովը գնահատել է հայտերը՝ ըստ սահմանված պահանջների: Հոկտեմբերին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը:

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 14-ը կայացել է կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկությունը: 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին:

Այսպիսով, փորձագիտական խմբի գնահատմամբ մրցույթում առավելագույն միավոր է հավաքել Մեծամոր քաղաքը, SMS քվեարկությամբ՝ Ծաղկաձորը: Քանի որ, ըստ կանոնակարգի, հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է փորձագիտական խմբի գնահատականին, երիտասարդական մայրաքաղաքի մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը:

Ըստ փորձագետների՝ վերջին տարիների համեմատությամբ այս տարվա մրցույթում իրականացրել են բարդ ընտրություն: Նրանք ընդգծել են, որ թեկնածու քաղաքներ կատարած այցերը գնահատման գործում ավելի ծանրակշիռ և որոշիչ դեր են ունեցել, քան ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Մեծամոր քաղաքի ներկայացուցչի խոսքով՝ իրենց քաղաքը մեծ հեռանկարներ ունի, և այս հաղթանակը նոր լիցք կհաղորդի քաղաքին: Ըստ նրա՝ այսօր Մեծամորում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, և «Երիտասարդական մայրաքաղաք» կոչումը լրացուցիչ պատասխանատվություն է՝ հավուր պատշաճի ներկայանալու նախատեսվող ծրագրերին: Ծաղկաձոր քաղաքի ներկայացուցիչն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակմամբ աջակցելու, ծանոթանալու և համագործակցելու հաղթող քաղաքի՝ Մեծամորի երիտասարդական համայնքի հետ:

Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մայրաքաղաք Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:

Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), իսկ 2022-ին՝ Հրազդանը։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան