Հասարակություն

«Ցավում եմ, որ այս թեման անընդհատ շահարկվում է». Վահագն Հովակիմյանը՝ որդիների զինծառայությունից ազատվելու լուրի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վահագն Հովակիմյանի երկու որդիները հայկական բանակում չեն ծառայել. Միսակ Հովակիմյանն ազատվել է 2021 թվականի ամառային զորակոչի, իսկ Նարեկ Հովակիմյանը՝ 2019-ի ամառային զորակոչի ընթացքում։ Ըստ օրաթերթի՝ պատգամավորի երկու որդիները պարտադիր զինծառայությունից ազատվել են 2018 թվի հեղափոխությունից հետո՝ այն ժամանակահատվածում, երբ Հովակիմյանը իշխանական թիմից էր։ 

Radar Armenia-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ ինքը քանիցս մեկնաբանել է այդ հարցը. «Այն ժամանակ, երբ ազատվել են, 2016 թվականն է եղել։ Եթե նայեք որդուս տարիքը, կտեսնեք, որ մեծս (1998 թ. ծնված) առաջին անգամ ազատվել է 2014-ին, երբ «պրիպիսնոյ» էին հանձնում, և 2016-ին վերջնական է ազատվել, իսկ փոքրին էլ (2000 թ. ծնված) այդ ժամանակ «պրիպիսնոյ» տալուց են ազատել»,- պարզաբանեց Վահագն Հովակիմյանը՝ հավելելով. «Այդ ժամանակ ես «Ժողովուրդ»-ում եմ աշխատել, ու օրաթերթի, այսպես ասած, հին լրագրողները, գործընկերները, որքան էլ տարօրինակ է, դրանից տեղյակ են եղել՝ զուտ որպես ընկեր։ Ու քանի  որ դա իմ որդիների անձնական կյանքն է, ես չեմ ուզում այս թեման ընդհանրապես քննարկել, ու իմ պաշտոնի բերումով իրենց անձնական կյանքը դառնա հանրային քննարկման առարկա»: 

Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքով են նրա որդիները ազատվել զինծառայությունից, բայց ԿԸՀ նախագահն ասաց, որ չի ցանկանում հրապարակել՝ նշելով, որ այդ հարցն իր որդիների անձնական կյանքին է վերաբերում։ «Ցավում եմ, որ այս թեման «Ժողովուրդ» օրաթերթի կողմից անընդհատ շահարկվում է, ցավում եմ այդ արժեհամակարգի համար»,- իր խոսքը եզրափակեց Հովակիմյանը։

Հայկ Մագոյան