Հասարակություն

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «էներգետիկայի մասին» օրենքում

2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրվող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն:

Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Մասնավորապես, օրենքով սահմանվում է, թե ինչ է «հաշվեկշռման ծառայությունը», «այն մատուցելու իրավունք ունեցող անձանց և ծառայության մատուցման սկզբունքները»:

«Հաշվեկշռման ծառայության մատուցումն անհրաժեշտ է շուկայի մասնակիցների կողմից նախապես պլանավորված էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի չափաքանակներից, տարբեր հանգամանքներով պայմանավորված, տեղի ունեցող շեղումների առաջացման դեպքում շուկայի մասնակիցների հարաբերությունները կարգավորելու նպատակով»,- ընդգծել է զեկուցողը:

Ներկայումս էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցումը հիմնականում իրականացվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով: Նշված գործընթացի, այն է՝ փոխանցման հիմքերն ամրագրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին. այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը: Պատգամավորի խոսքով փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առևտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցող գործառույթները և սպառողի կողմից էլեկտրաէներգիայի փոխանցման դեպքերը: