Հասարակություն

Հանձնաժողովը հավանություն տվեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսող նախագծին

Նախագծով առաջարկվում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան` բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչպես նաև ստեղծել նախադրյալներ արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ի նիստում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նախարարի հավաստմամբ կներդրվեն նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ:

««Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Գործընթացը կարգավորվելու է Կառավարության որոշմամբ, ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը: «Ես եմ» ծրագրով այս պահին զինվորական ծառայությունը շարունակում է երկու զինծառայող: Նրանց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թ. հունվարին:

Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ մոտ ապագայում կներկայացվեն ոլորտի բարեփոխման նոր օրենսդրական նախաձեռնություններ: «Բարեփոխումների հիմքը և նպատակը պայմանագրային զինծառությունն է»,- փաստել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Ըստ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի` ներկայացվել է աննախադեպ օրենքի նախագիծ: Նա վստահություն է հայտնել, որ արդյունքները կլինեն արագ և կանխատեսելի: «Օրինագիծը կապված է մեր պաշտպանունակության բարձրացման հետ»,- ասել է նա: Արմեն Խաչատրյանը նաև կարևորել է բնագավառում վերջին ամիսներին իրականացված մյուս բարեփոխումները:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ  բանակի բարեփոխումների փաթեթում ընդգրկված ամենակարևոր նախագծերից է, որն ուղղված է բանակի զարգացմանն ու արդիականացմանը:

Հանձնաժողովականները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում իրականացվող բարեփոխումները:

Քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Օրենքի նախագիծը Կառավարության որոշմամբ համարվել է անհետաձգելի:

Հարցը կառաջարկվի ընդգրկելու նոյեմբերի 15-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում: