Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Рус Eng

Քննարկվել են անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդների դերին վերաբերող հարցեր

Հասարակություն

13 Նոյեմբերի, 23:33

ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին հյուրընկալվել են ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները: ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների ցանցը նորաստեղծ է, ձևավորվել է այս տարվա սկզբին: Սա պատվիրակների չորրորդ նիստն է, որն անցկացվում է մեր երկրում։ 
Հայաստանն աշխարհում Նորվեգիայից հետո երկրորդ ամենաերիտասարդ խորհրդարանն ունի: ԵԱՀԿ ԽՎ-ում ևս Հայաստանի պատվիրակությունն ամենաերիտասարդն է, ինչը պայմանավորված է մեր խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությամբ:

«Մենք՝ որպես խորհրդարանականներ, մեր առջև խնդիր ենք դրել այդ հատկանիշը վերածել առավելության և այս ցանցի միջոցով կապ հաստատել այլ երկրների երիտասարդ խորհրդարանականների հետ, որպես քաղաքական գործիչներ և երիտասարդ խորհրդարանականներ՝ տեսնել, թե ինչպիսի ընդհանրություններ ունենք, և ինչպես կարող ենք դրանք ծառայեցնել մեր համատեղ նպատակներին»,-ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո կայացած նիստում երիտասարդ պատգամավորներին տեսակապի միջոցով ողջունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը: Նա վերահաստատել է, որ նման ձևաչափի հանդիպումները միայն խթանում են միջխորհրդարանական հարաբերությունները: ԵԱՀԿ ԽՎ նախագահի համոզմամբ բացի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարթակից, անհրաժեշտ է օգտագործել նաև այլ միջազգային հարթակներ՝ տարբեր տարածաշրջաններում առկա անվտանգային հարցերը քննարկելու, ժողովրդավարական արժեքների դերն ընդգծելու, կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով:

Վեհաժողովի նախագահը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կնպաստեն, որ ԽՎ անդամ երկրների երիտասարդ պատգամավորներն առավել ներգրավված լինեն տարբեր նախաձեռնություններում: Այնուհետև նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Մարիա Կարապետյանը ժողովրդավարության և անվտանգության մարտահրավերներին անդրադարձել է և տարածաշրջանային, և մեր երկրի  խնդիրների տեսանկյունից: «Երբեմն մեր հանրությանը փորձ է արվում համոզել, որ ժողովրդավարությունը և անվտանգությունը հակասում են միմյանց, որ մենք սխալվել ենք ժողովրդավարական ընտրություն կատարելով: Ես հակառակ կարծիքն ունեմ: Մենք չէինք ունենա այն անվտանգային խնդիրները, որոնք ունենք, եթե, հիրավի, անկախությունից ի վեր ընտրած լինեինք ժողովրդավարության ճանապարհը՝ ինստիտուտներ կառուցելով և ապահովելով ժողովրդավարական բոլոր գործընթացները»,-նման կարծիք է հայտնել երիտասարդ խորհրդարանականը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը երկարաժակետ ապահովում է երկրների ներքին դիմակայանությունը, ժողովրդավար հանրությունները, առհասարակ, ավելի պաշտպանված են՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերների տեսանկյունից: Մարիա Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանի համար կարևոր է շարունակաբար ընտրել ժողովրդավարությունը՝ որպես ներքին կառավարման միջոց, որը երկարաժամկետ ապահովելու է մեր երկրի խաղաղ գոյակցությունն այս տարածաշրջանում:

Անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ տարածաշրջանում ընթացիկ անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդ քաղաքական գործիչների և խորհրդարանականների դերակատարությանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով այսօր, առավել քան երբևէ, կարևոր է երիտասարդների դերակատարությունը, նաև՝ որոշումների կայացման գործընթացում: Ըստ պատգամավորի՝ մեր երկրում ակտիվ են երիտասարդ քաղաքական գործիչները, և այս առումով կարևոր է համագործակցությունն այլ պետությունների պատգամավորների հետ, քանի որ խնդիրները հաճախ նույնաբնույթ են, մարտահրավերները՝ ևս: Հռիփսիմե Գրիգորյանն արժևորել է երիտասարդ խորհրդարանականների շարունակական հանդիպումները և տարբեր հարցերի շուրջ նման քննարկումները, որոնք կարող են վերոնշյալ խնդիրների լուծման արդյունավետ հարթակ լինել:

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը ևս կարևորել է այս ձևաչափում անվտանգային խնդիրների քննարկումը՝ ընդգծելով՝ ԵԱՀԿ տարածաշրջանն անվտանգային մարտահրավերների առջև է: Այնուհետև հանդիպում է եղել Հայաստանում երիտասարդական հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց գործունեությամբ փորձում են նպաստել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը երիտասարդ քաղաքական գործիչների կայացման հարցում:

Քննարկվել են երիտասարդների դերի բարձրացման և քաղաքական գործընթացներին վերջիններիս մասնակցության խթանմանն ուղղված հարցերը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանական գործընկերների հետ միջազգային համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան