Հասարակություն

Ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանը

Նոյեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ մոտեցել են քաղաքացիներ և հայտնել, որ Դավիթ Բեկի 89/1 հասցեի դիմաց՝ ավտոմեքենայի մեջ, քաղաքացու ինքնացգացողությունը վատացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները ահազանգել են 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ցավոք, արձանագրել է Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 64-ամյա Գևորգ Ջավրուշյանն էր, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Մահացածը ճանաչված ու սիրված նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանն է։