2001 թվականին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանվեց դաշնակցական Պողոս Պողոսյանն այն բանից հետո, երբ այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարևել էր՝ դիմելով «պրիվետ, Ռոբ»: Քոչարյանի թիկնապահները սրճարանի զուգարանում ծեծի էին ենթարկել Պողոսյանին՝ հասցնելով մահվան։
21 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել անզգուշությամբ մահ պատճառելու համար և դատապարտվել 2 տարի պայմանական ազատազրկման։ 2019-ից քրեական գործը վերաբացվեց ականատեսներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի հայտարարություններից հետո։
ՀՀ գլխավոր դատախազությունից փաստում են, որ Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն է տրվել. այս փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Եթե նախկինում փորձագետները պնդել էին, թե հնարավոր է՝ Պողոսյանի գանգուղեղային վնասվածքը առաջանար վայր ընկնելու և գլուխը զուգարանակոնքին հարվածելու հետևանքով, նոր նշանակված փորձաքննությամբ այդ տեսակետն ամբողջությամբ հերքվել է: Դատախազությունից նշել են, որ այդ կեղծ եզրակացությունն է դրվել Աղամալ Հարությունյանի դատավճռի հիմքում։
Radar Armenia-ի հետ զրույցում Պողոս Պողոսյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանն ասաց, որ երկու տարի է՝ գործը քննվում է ու դեռևս դատաքննության փուլ չի հասել. «Գործի՝ այսքան ձգձգման համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ նախադրյալներ։ Օրենքը որոշակիորեն կաղում է այս հարցում, որովհետև բողոքը բերվել է այլ հիմքով, և այսօր պետք է մեղադրական եզրակացությունը փոխվի։ Բայց օրենքով այդ տարբերակը նախատեսված չէ։ Այս առումով գործը քննվում է հին օրենքի հիման վրա»,- նշեց նա։ Փաստաբանի խոսքով՝ դեռևս ավելի շատ իրավաբանական բանավեճի մեջ են, քանի որ պաշտպանական կողմն էլ պնդում է, որ եթե այդ հիմքով է քննվում գործը, ապա պետք է կարճել գործի վարույթը։
Նոր հանգամանքների ի հայտ գալու վերաբերյալ էլ Պողոս Պողոսյանի իրավահաջորդների ներկայացուցիչն ասաց՝ այդ հանգամանքով պայմանավորված բողոք է բերվել, որը դատարանի կողմից բավարարվել է, բայց չի փոխվել մեղադրական եզրակացությունը. «Մեղադրանքի առարկան չի փոխվել։ Մեղադրանքը մնում է նույնը, ինչ 21 տարի առաջ։ Հիմա պաշտպանական կողմն ասում է՝ եթե այդ նույն հիմքով եք քննում, կարճեք, պատճառաբանելով, որ այդքան ժամանակ է անցել և այլն։ Եվ այստեղ ավելի շատ իրավաբանական գիտելիքների խնդիր է։ Օրենքն ասում է, որ եթե դատախազն այս հիմքերով նոր հանգամանքներ տեսնի, կարող է խստացնել մեղադրանքը, բայց դատախազը խստացման առումով դեռ չի փոխել մեղադրանքը, որովհետև դատական քննություն չենք սկսել»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ պետք է նիստեր լինեն, մտնեն դատաքննության փուլ, հարցաքննվեն վկաներն ու փորձագետները, որից հետո դատախազը փոխի մեղադրական եզրակացությունը։
Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանն էլ, Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ հույս ունի՝ ի վերջո արդարադատություն տեղի կունենա, իսկ նոր ապացույցների ի հայտ գալու վերաբերյալ նշեց, որ «բոլորն էլ այդ մասին իմացել են, պարզապես այդ ապացույցների մասին Քոչարյանի մոտ չէին կարող բարձրաձայնել»։
Նշենք, որ Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հաջորդ դատական նիստը հունվարի 13-ին է։
Հայկ Մագոյան