«Հետք»-ը այսօր տեղեկացրել էր, որ դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։
Radar Armenia-ն մանրամասների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից փոխանցեցին. ««$ 5655. սեփականաշնորհում «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում 18.10.2022 թվականին հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով:
ՀՀ վարչական դատարանի /դատավոր Անի Հարությունյան/ 28.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվոր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ ՀՀ կադաստրի կոմիտեին վիճելի հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ: ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն վարչական շարջանների բաժնի ավագ հարկադիր կատարողը 28.10.2022 թվականին որոշում է կայացրել, որով արգելել է ՀՀ կադաստրի կոմիտեին Երևան քաղաքի Արամի 3 և 5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելը:
Նույն ուսումնասիրության արդյունքներով հարուցվել է նաև քրեական գործ»:
Թեմային արձագանքել է նաև «Սիլ գրուպ» ընկերության խոսնակ Աննա Մկրտչյանը, Radar Armenia-ի հարցին ի պատասխան ասելով. «Դատարանում «Սիլ պլազան» հանդես է գալիս որպես 3 րդ կողմ։ Կարծում եմ այս դատաքննությամբ կպարզվի իրականությունը և վերջ կդրվի բոլոր շահարկումներին»։