Վայոց ձոր մարզպետ Արարատ Գրիգորյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ հիմա խաղաղ է։ Նրա խոսքով. «Ջերմուկում էլ որևէ միջադեպ չի գրանցվել։ Օրեր առաջ ՊՆ-ն հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է»։
Գրիգորյանը հայտարարել է, թե, իրենց տեղեկություններով, ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում, բայց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ըստ նրա, ավելի լավ է տիրապետում իրավիճակին. «Ես տեղեկություններ ունեմ՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ-ն ավելի լավ է տիրապետում, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն՝ հետախուզական, և այլն։ Եթե ԳՇ-ն ասել է գնացել են... ամեն դեպքում, մենք տեսնում ենք իրենց, մենք տեսնում ենք որոշակի տեսանելի տարածք, որ անզեն աչքով հնարավոր է տեսնել։ Չեմ ուզում մանրամասնել։ Ջերմուկից հնարավոր է տեսնել»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասել էր, թե ադրբեջանական ուժերը Ջերմուկից հետ են քաշվել։