Ռետրո

Մտնում ենք դահլիճ և բոլորին կոչ անելով կռանալ՝ օդ ենք կրակում. Նաիրի Հունանյանի առաջին ցուցմունքները

Ստորև ներկայացնում ենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխներից Նաիրի Հունանյանի ցուցմունքները:

Կասկածյալ Նաիրի  Հրաչիկի Հունանյանը

հայտարարեց

Ցանկանում եմ, որ իմ շահերը պաշտպանի փաստաբան  Արտաշես Պահլավունին, միաժամանակ հայտնում եմ, որ ստացա արձանագրության պատճեն:

Պաշտպան    Պահլավունի

ՀԿԳ Քննիչ    Հ. Այվաազյան

28.10.99-29.10.99  ՀՈՒՆԱՆՅԱՆ ՆԱԻՐԻ ՀՐԱՉԻԿԻ

20.45-02.30     Քննիչ՝ Հ. Այվազյան

Ցուցմունքս ցանկանում եմ գրել իմ ձեռքով, միաժամանակ ինձ հայտնվեց, որ կասկածվում եմ տեռորիստական ակտ կատարելու մեջ, այս կապակցությամբ ձեր առաջարկած հարցերի կապակցությամբ հայտնում եմ հետևյալը:

Ծնվել եմ 1965 թվ. դեկտեմբերի 8-ին Երևանում: Սկզբում բնակվում էինք Վարդաշեն թաղամասում, ես, եղբայրս՝ Արմեն Հունանյանը, մյուս եղբայրս՝ Կարեն Հունանյանը, հայրս՝ Հրաչիկ Հունանյանը, մայրս՝ Նաթելա Գալստյանը: Հայրս մասնագիտությամբ բանասեր է, աշխատել է կուլտուրայի մինիստրությունում որպես գրադարանների բաժնի ավագ տեսուչ, ապա աշխատել է հանրային գրադարանում, այժմ թոշակառու: Մայրս, Նաթելա Գալստյանը աշխատել է լաքո-ներկերի գործարանում որպես բրիգադիր, այժմ չի աշխատում: Եղբայրս Արմեն Հունանյանը սովորել է հարվածային գործիքների վրա, նաև սովորել է հուշարձանների վերականգնման արվեստը: Մյուս եղբայրս Կարեն Հունանյանը ծնվել է 1974 թվ., 1989 թվ. անդամակցել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությանը, իբրև սկաուտապետ: 1990-ին առաջին անգամ մասնակցել է Լոս Անջելեսում կայացած նավասարդյան խաղերին, Հայաստանի անդրանիկ պատվիրակության կազմում: Ունի նաև թերի բարձրագույն կրթություն, որքան գիտեմ երեք տարի սովորել է ժուռնալիստիկայի գծով 1990-1993՞՞՞ թթ.: Ինչպես նշեցի մինչև 1980 թվ. ընտանիքիս հետ բնակվել եմ Վարդաշեն թաղամասում, սովորել եմ թիվ 64 դպրոցում, որից հետո մեր ընտանիքը տեղափոխվել է բնակության Հարավ-Արևմտյան թաղամաս, Անդրանիկի 34/14 հասցեում, որտեղ էլ բնակվում ենք մինչ օրս: Վերջին երկու տարիներին սովորել եմ սկզբում թիվ 176, հետո թիվ 179 դպրոցներում, որն էլ ավարտել եմ 1982-ին: 1982-84 թթ. աշխատել եմ Երքիմշին տրեստում որպես բանվոր, ավարտել եմ թիվ 16 ուսումնարանը: 1984-ին ընդունվել եմ պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նույն տարում զորակոչվել եմ խորհրդային բանակ, որտեղից առողջության պատճառով զորացրվել եմ 1985 թվ. և շարունակել ուսումս: Ավարտել եմ 1990 թվ., ստանալով բանասեր-լրագրողի մասնագիտություն:

1990-1992 թթ. աշխատել եմ Դաշնակցության մամուլի կենտրոնում որպես լրագրող: Այնուհետև հիմնել եմ «Հորիզոն» լրատվական կենտրոնը, որը աշխատել է մի քանի ամիս: 1993-1997 թ.թ. բացակայել եմ Հայաստանից, եղել եմ Ղրիմում, աշխատել տեղի համայնքում, դասավանդել եմ հայոց լեզու և գրականություն: 1997 թ. վերջին վերադարձել եմ Երևան: 1998 թ. սեպտեմբերի կեսերից մինչև 1999 թվ.  փետրվար աշխատել եմ պայմանագրային հիմունքներով Ազգային հեռուստատեսությունում, որպես լրագրող: 1999 թվ. մարտից չեմ աշխատում, գործազուրկ եմ: 1990-1992 թվ. անդամակցել եմ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, 1992 թվ. նոյեմբերին հեռացվել եմ շարքերից ինձ անհայտ պատճառներով:

Ես ուզում եմ հանգամանորեն բացատրել, թե ի՞նչը դրդեց ինձ դիմել այդ վտանգավոր գործողությանը, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին: 1988 թվ. սկսած լինելով մեր ազգային շարժման կիզակետում և ղեկավարելով ուսանողական շարժումը, ես ականատես եղա թե ինչպես հետագա տարիներին այլասերվեց այդ շարժումը և իբրև հետևանք կանգ առավ մեր երկրի և ժողովրդի զարգացումը: Սկսած 1995 թվ.  կուսակցությունների դեմ հալածանքներից, խորհրդարանական ընտրությունների բացահայտ կեղծիքներից, և այս ամենի գլուխ գործոցը հանդիսացող 1996 թվ. նախագահական ընտրությունները, երբ զենքի ուժով ժողովրդի վզին փաթաթվեց ըստ էության ընտրություններում պարտված թեկնածուն, պարզ դարձավ, որ Հայաստանում գործում է ոչ թե ժողովրդավարական կարգը, այլ վարչական ու բիրտ ուժը: Հետագա դեպքերը, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Վազգեն Սարգսյան փաստորեն հիմնականում ինքնակամ սկսեց թելադրել իր կամքը մի ամբողջ ազգի, միշտ գործածելով ուժային լծակները, այլ ոչ թե քաղաքականության քաղաքակիրթ մեթոդները: Իբրև հետևանք երկրում օրեցօր վատացավ բարոյահոգեբանական մթնոլորտը և իբրև հետևանք շարունակվեց տնտեսության անկումը, էլ ավելի խորացավ սոցիալական անհավասարությունը: Իբրև հետևանք մենք ստացանք ընչազուրկների ավելացող բանակ, դպրոց չհաճախող (կոշիկ ու տետր չունենալու պատճառով) արդեն տասնյակ հազարավոր երեխաներ, ժամ-ժամ սկսեց ավելանալ հայրենիքը ստիպված լքողների թիվը, Ակնհայտ էր, որ քանի դեռ Վազգեն Սարգսյանը լուրջ դերակատար է Հայաստանի քաղաքական կյանքում, երբեք չեն պատժվի այն հայտնի թալանչիները, ովքեր մի քանի տարվա մեջ հոշոտեցին տասնամյակների ստեղծած բարիքները, չի լինի դեմոկրատացում, չի լինի էվոլյուցիա:

Ահա այս շատ համառոտ թվարկումը փաստերի և դեպքերի ինձ բերեց մի համոզման, որ նա, որ բոլոր տեսակի հարցերը ուժով և ճնշումով է լուծում, կարող է տեղի տալ միայն ուժի և ճնշման դեմ: Եվ ես մտածում էի, որ հանուն իմ ժողովրդի զարգացման և իմ հայրենիքի բարգավաճման, ես կարող եմ վտանգի ենթարկելով սեփական կյանքս զենք վերցնելով գնալ խորհրդարան այն ժամանակ, երբ կառավարությունն էլ է այնտեղ լինում և ճնշման միջոցով պահանջել, որ վարչապետը հրաժարական տա, և հեռանա քաղաքական ասպարեզից, թողնելու որ ազատ քաղաքական մթնոլորտ իշխի երկրում: Որից հետո ես բնականաբար պիտի հանձնվեի իշխանություններին: Ահա այս միտքը որ ես ոչ մի կերպ տեռորիստական չեմ կարող անվանել, որովհետև դրա անհրաժեշտությունը թելադրված էր մեր նախորդ տարիների և մեր օրերի երկրում տիրող ընդհանուր ճնշման և ինչ-որ տեղ վախի մթնոլորտով և որի ստեղծման առյուծի բաժինը պատկանում էր հենց իրեն՝ վարչապետին: Այստեղ հստակ է, որ առկա է քաղաքական մեծ նպատակ, այն է նպաստել քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի լիցքաթափմանը և քաղաքակիրթ, ժողովրդավար և ոչ կոռումպացված կառավարության ստեղծմանը:

Ահա այս միտքը ունենալով ես առաջարկեցի եղբորս, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին գնալ Ազգային Ժողով, իսկ բուն միտքը բացեցի նրանց արդեն ճանապարհին: Գրեթե նույն այդ ժամանակ այդ մասին իմացավ նաև Դերենիկը, որի ազգանունը այս պահին չեմ հիշում: Շեշտվեց նաև, որ մեր նպատակն է օդ կրակելով ճնշում գործադրել վարչապետի վրա, որպեսզի նա հրաժարական տա: Մոտավորապես 17.00-ի սահմաններում մտնելով Ազգային Ժողովի նիստերի դահլիճ, բոլոր ներկաներին կոչ ենք արել որ կռանան և մի քանի փամփուշտ է արձակվել դեպի դահլիճի ետնամասից քիչ առաջ լրագրողներին և պատգամավորներին անջատող միջանցքի վերևի պատը: Դրանից անմիջապես հետո դահլիճի վերջնամասի ձախ կողմից կրակոցներ հնչեցին մեր ուղղությամբ: Այդ պահին ես գտնվում էի նախագահության սեղանի դիմաց ներքևում: Գրեթե միաժամանակ կրակոցներ հնչեցին նախագահության կից սենյակի միջանցքի աստիճանների վրայից որոնք դեպի դահլիճ էին ուղղված: Այդ երկու ուղղություններից կրակողները հավանաբար թիկնապահներ էին: Ես շտապեցի դեպի քարտուղարություն թաքնվելու և միաժամանակ անակնկալի գալով, հոգեկան ծանր ապրումների մեջ և պաշտպանվելու բնազդական մղումով նույնպես կրակեցի և հուզված լինելով հավանաբար անկանոն կրակոցներով: Այդ պահին դիմացի դռնից հիշում եմ, որ Դերոն երևաց և կռվի բռնվեց, միաժամանակ նաև ետ մղելով միջանցքից կրակողին: Երբ նրանք արդեն միջանցքի խորքում էին ես զգալով ստեղծված աննորմալ իրավիճակը և ինչ-որ տեղ բնազդաբար վազեցի նախագահություն, և բարձրախոսով, որը սովորաբար ռադիոյին է միացված փորձեցի ինչ-որ բան ասել ժողովրդին, բայց այնքան էի հուզված, որ ոչինչ չստացվեց, և ստրեսի ազդեցության տակ հավանաբար ինչ-որ անկապ բաներ են ստացվել: Հետո ես վազեցի դեպի դահլիճի այն մասը ուր լրագրողներն էին և նրանց իրենց իսկ ցանկության համաձայն դուրս ուղեկցեցի մինչև ֆոյեի աջ աստիճանները և վերադարձա քարտուղարության սեղանի մոտ:

ՀԱՐՑ – Ով է Էդիկ Գրիգորյանը, երբ եք ծանոթացել նրա հետ, ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում վերջինիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – 1980 թվ. վերջերից ծանոթացել եմ Էդիկ Գրիգորյանի հետ, երբ նա տեղափոխվեց ուսումը շարունակելու թիվ 176 դպրոց, որի հետ ավարտել ենք միջնակարգ դպրոցը 1982 թվ.: Նա այդ ժամանակվանից մինչև հիմա ապրում է Հարավ-Արևմտյան ունիվերսամի դիմացի թաղամասում: Տարիների ընթացքում մեր միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ: Մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է Ծերեթելի փողոցի վրա գտնվող հիվանդանոցում: Միասին աշխատել ենք Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Երևանի մասնաճյուղի վարչությունում, 1990-1991 թ.թ.: Որոշ ժամանակ հանդիսացել է նաև Հ.Յ.Դ. կուսակցության անդամ: Իմ հիշելով, ինձ հեռացնելուց՞՞՞ հետո նա դեռ որոշ ժամանակ հանդիսացել է կուսակցության անդամ, որտեղից դուրս է եկել կամավոր: Ամուսնացած է, ունի երկու երեխա, տղա և աղջիկ: Ես և նա փոխադարձաբար այցելել ենք միմյանց տները:

ՀԱՐՑ – Ո՞վ է Դերենիկը, երբ եք ծանոթացել նրա հետ, ինչ հանգամանքներում, ինչ հարաբերությունների մեջ եք վերջինիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ծանոթացել եմ Արցախում, 1992 թվ. հունվարին: Հիշում եմ, որ Ստեփանակերտի հյուրանոցում կա հյուրանոցի մոտ եմ ծանոթացել, մանրամասները չեմ հիշում: Դրանից հետո շատ ուշ-ուշ ենք իրար տեսել և թռուցիկ: Վերջին ամսում հավանաբար հանդիպել ենք մի երեք անգամ: Նորմալ հարաբերությունների մեջ եմ եղել:

ՀԱՐՑ – Ինչ նպատակով էիք Դուք 1992 թ.-ի հունվար ամսին գտնվում Արցախում և որքան ժամանակ եք մնացել այնտեղ ում մոտ, ում էիք հյուրընկալվել:

ՊԱՏԱՍԽԱՆ – 1992 թվ. հունվարին Արցախ էի մեկնել իբրև լրագրող, լուսաբանելու Արցախի Գերագույն Խորհրդի անդրանիկ նիստը: Իմ հիշելով մնացել եմ չորս-հինգ օր այնտեղ, որից մեկ օր կարծեմ հյուրանոցում, իսկ մի քանի օր մնացել եմ Սերգեյ Շահվերդյանենց տանը:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք, որ վերջին ամսում 3 անգամ հոկտեմբերին հանդիպել եք Դերենիկին, կոնկրետ որտեղ եք հանդիպել, ինչ նպատակով, ինչ հանգամանքներում և ովքեր են ներկա եղել այդ հանդիպումներին:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հայտնում եմ, որ Դերենիկը ապրում է Երևան քաղաքում Չարբախ թաղամասում: Մի անգամ պատահական եմ հանդիպել իրենց տան մոտ, իսկ երկրորդ անգամ մեր տանն ենք հանդիպել, երրորդ անգամ հանդիպել եմ հոկտեմբերի 27-ին: Առաջին անգամ հանդիպել եմ մոտավորապես հոկտեմբեր 10-ի կողմերը: Ստույգ չեմ հիշում մեր հանդիպման մանրամասները: Նրանց տանը ընդհանրապես չեմ եղել: Չեմ հիշում Կարենի հետ էի, թե Էդիկի, որ հանդիպեցինք նրան: Երկրորդ անգամ նա եկել է մեր տուն և հավանաբար մոտ մեկ ժամի չափ մնացել: Տանը այդ ժամանակ գտնվել է եղբայրս Կարենը և իմ հիշելով Էդիկը: Դա հոկտեմբերի 25-ն էր կամ 26-ը: Հարցուփորձ եմ արել զենքի համար: Ես նրան հարցրել եմ, թե կարող է զենք ճարել թե ոչ: Նրա պատասխանից զգացվեց, որ ճարելու հավանականությունը շատ մեծ է: Էդիկը մյուս օրը հանդիպել է նրա հետ ցերեկը, և եկել է մեր տուն և մենք իմացանք, որ ինչ-որ անհրաժեշտ էր կար, դա հոկտեմբերի 27-ն էր: Այդ ժամանակ մեր տանն էր նաև քեռիս՝ Վռամ Գալստյանը, եղբայրս՝ Կարենը: Հայրս տանը չէր: Էդիկը ասաց, որ ամեն բան կա: Ես պայմանավորված տեղում կհանդիպեմ՞՞՞ Դերոյի հետ: Եվ մենք չորսով Էդիկի մեքենայով մեկնեցինք պայմանավորված տեղը, փողոցի վրա Հարավ արևմտյան թաղամասում: Էդիկը զգուշացրել է Դերոյին, որ գա մեր մեքենայի ետևից: Ազգային Ժողովի մոտ կանգնելով մենք վերցրեցինք զենքերը և գնացինք շենք:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք, որ Էդիկը եկել է Ձեր տուն և ասել է «ամեն ինչ կա» կոնկրետ ինչ նա նկատի ուներ:

ՊԱՏԱՍԽԱՆ – «Ամեն ինչ կա» նշանակում է ինքնաձիգեր:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք որ դրանից հետո Դուք Կարեն Հունանյանը, Ձեր քեռին՝ Վռամ Գալստյանը և Էդիկ Գրիգորյանը նրան պատկանող մեքենայով գնացել եք «պայմանավորված տեղը» ինչ մակնիշի մեքենայով եք գնացել ում մեքենան է դա և ով էր պայմանավորվել այդ տեղը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մենք չորսով մեր տանից Էդիկի Գազ-24 մակնիշի մեքենայով (համարանիշը չեմ հիշում), սպիտակ գույնի, գնայինք պայմանավորված տեղը, որ նախապես պայմանավորվել էին Էդիկն ու Դերոն:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք, որ հասնելով պայմանավորված տեղը, Էդիկը զգուշացրել է Դերենիկին որ գա Ձեր ետևից, որտեղ էր նա գտնվում և ինչպես է հետևել Ձեզ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մենք չորսով հասանք Հարավ-Արևմտյան թաղամասի կանալի մոտ, որտեղ որոշ հեռավորության վրա ուրիշ մեքենայով սպասում էր Դերոն: Էդիկը նրան զգուշացրեց, որ գա մեր ետևից: Ավելի ուշ ես տեսա, որ դա մի Ռաֆ մեքենա էր: Թե նա էր ղեկին, թե ուրիշ մի մարդ և քանի հոգի կային ավտոմեքենայում ստույգ չգիտեմ:

ՀԱՐՑ – Այսինքն Դերենիկը Ձեզ հետ չի եկել Ձեր մեքենայով այլ ինչպես Դուք նշեցիք ՀՀ ԱԺ եկել է «ՌԱՖ» մակնիշի մեքենայով այդպես է թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այո, դա այդպես է:

Ուզում եմ հայտնել որ հոգնածության և նյարդային գերլարվածության պատճառով խնդրում եմ ընդմիջում հայտարարել մինչև առավոտ:

Հարցաքննությունը վերսկսվել է

29.10.1999 թ. ժ. 14.15-ին ավարտվել է 20.00

Հայտնում եմ, որ ինձ լավ եմ զգում և կարող եմ ցուցմունք տալ:

ՀԱՐՑ – 1999 թ. հոկտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին և 27-ին՝ մինչև ԱԺ գնալը Է. Գրիգորյանը որ օրերին, երբ ինչ նպատակով է եկել Ձեր տուն, ովքեր են եղել նրա այցելությունների ժամանակ Ձեր տանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 24-ին եղել ենք Մարտունիում, եղբորս և Էդիկի հետ: Այցելել եմ բարեկամներիս Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում: Գիշերել ենք պապիս՝ Վարազդատ Գալստյանի տանը: Մեր հին հեռուստացույցն էի տարել իրենց տալու, որովհետև իրենցը վաղուց փչացել էր: Ծակքարում եղել եմ մորաքրոջս տանը, Հասմիկ անունով: Ինչ վերաբերվում է հաջորդ երկու օրերին, Էդիկի մեր տուն գալուն, նա ինչպես այլ օրերին, այնպես այդ օրերը եղել է մեր տանը, աշխատանքից հետո սովորականի նման: Տանը եղել ենք մենք՝ ես, եղբայրս, Վռամը և մի քանի անգամ կարծեմ Կամո անունով մեր ծանոթներից մեկը, որը՞՞՞ լավ չեմ հիշում: Հոկտեմբերի 24-ին ետ ենք եկել Մարտունուց ես, եղբայրս, Էդիկը և Վռամը, քեռիս, որը բնակվում է Մարտունու Վերին Գետաշեն գյուղում: Վերադարձել ենք երեկոյան: Մարտունի գնացել էինք Էդիկի Գազ-24 մակնիշի սպիտակ գույնի մեքենայով: Էդիկը Մարտունուց վերադառնալուց հետո մեզ իջեցրեց և գնաց տուն: Մենք երեքով բարձրացել ենք մեր տուն: Ես չեմ հիշում, երբ մենք երեքով բարձրացանք մեր տուն, հայրս տունն էր, թե ավելի ուշ եկավ: Հոկտեմբերի 25-ին Էդիկը եղել է մեր տանը սուրճ ենք խմել:

Հոկտեմբերի 26-ին նույնպես եղել է մեր տանը, սուրճ ենք խմել միասին և իմ հիշելով ճաշել ենք:

Հոկտեմբերի 27-ի առավոտյան ժամը մոտ 11.00-ի՞՞՞ կողմերը Էդիկը եկել է մեր տուն, միասին ճաշել ենք, և հետո ինքը գնացել է, և վերադարձել է ժամը երկուսի կողմերը, որից հետո մեր տանն է եղել մինչև Ազգային Ժողով գնալը, որ եղել է մոտ 16.00-ից անց:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք, որ 25.10.99 թ. Էդիկ Գրիգորյանը եղել է Ձեր տանը, ինչ նպատակով էր նա եկել, ով կար այդ ժամանակ Ձեր տանը ինչ խոսակցություն է եղել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 25-ին Էդիկը եկել է մեր տունը, ես այդ ժամանակ պատշգամբում եմ եղել սուրճ խմելուց: Նրան նույնպես հյուրասիրել եմ և զրուցել ենք՞՞՞ տարբեր թեմաներով, որի մանրամասները չեմ մտապահել: Տանը եղել են նաև եղբայրս և քեռիս՝ Վռամը:

ՀԱՐՑ – Հոկտեմբերի 26-ին ինչպես նշեցիք Է. Գրիգորյանը եղել է Ձեր տանը, ինչ նպատակով, որքան ժամանակ է գտնվել Ձեր տանը ովքեր են ներկա եղել, ինչ խոսակցություն է եղել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 26-ին եթե չեմ սխալվում երկու անգամ է եղել մեր տանը ցերեկը և ավելի երեկոյան կողմ: Տանը եղել են նաև եղբայրս, քեռիս՝ Վռամը, մի ծանոթ տղա Կամո անունով և Դերոն: Խոսում էինք սուջուխ սարքելու ձևերի մասին, գրքի մեջ նշված պրապորցիաների հարցերն էինք քննարկում, որովհետև մեր ծանոթը Մոսկվայում սուջուխ արտադրելու նպատակ ուներ: Առաջին անգամ հավանաբար ժամը երկուսի կողմերը, իսկ երկրորդ անգամ երեկոյան ժամը 8-9-ի կողմերը: Առաջին անգամ երբ եկավ Էդիկը, երկար չի մնացել մեր տանը, տանը գտնվել ենք ես, եղբայրս, քեռիս՝ Վռամը: Սուրճ ենք խմել և ինքը գնացել է: Երեկոյան ժամը 8-9-ի կողմերը երբ Էդիկը ինչպես սովորաբար առանց պայմանավորվածության եկավ Կամոն արդեն մեր տանն էր: Էդիկը և Դերոն գրեթե միաժամանակ մտան մեր տուն: Ինչպես նշել եմ, Դերոյին ես էի խնդրել, որ գա: Մոտ քառասուն րոպե Է. Գրիգորյանը մնաց մեր տանը և Դերոյի հետ գրեթե նույն ժամանակ դուրս եկան: Կամոն մնացել է մեր տանը մինչև հավանաբար ժամը 11.00: Ես, քեռիս, եղբայրս և Կամոն սուրճ ենք խմել և հետո թուղթ ենք խաղացել: Ժամը 11.00-ի կողմերը եղբորս հետ միասին Կամոյին ճանապարհել ենք մինչև կանգառ: Նույն այդ երեկոյան էլ Դերոյից զենք են՞՞՞ խնդրել, որ ճարի: Մինչ Դերոյի դուրս գալը՞՞՞ շատ արագ՞՞՞ և կարճ Դերոյի հետ խոսել ենք զենքի հայթայթման հարցով պատշգամբի և խոհանոցի արանքում: Եղբայրս և Էդիկը այդ պահերին ներս ու դուրս են արել, ստույգ չեմ կարող ասել, իրենք մանրամասներ լսել են, թե ոչ:

ՀԱՐՑ – Ձեր եղբայրը Կ. Հունանյանը, Ձեր քեռին Վ. Գալստյանը, Է. Գրիգորյանը ինչպես նաև Ձեր ծանոթ Կամոն այդ օրը՝ 26.10.99 թ.  իմացել են որ Դուք զենք «հայթայթելու» հարցով դիմել եք Դերենիկին, եթե այո ապա իմացել են թե ինչ նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ օրը հոկտեմբերի 26-ին մեր ծանոթը Կամոն և բոլորը՝ եղբայրս, քեռիս և Էդիկը մանրամասնություններ չեն իմացել, որ է՞՞՞ զենքի ուզելու հարցը, այսինքն հոկտեմբերի 26-ին ոչ ոք չի իմացել թե ի՞նչ նպատակով եմ զենք ուզում Դերոյից:

ՀԱՐՑ – Դուք 26.10.99 թ.- Ի՞նչ եք հայտնել Ձեր եղբորը, քեռուն և Է. Գրիգորյանին որ զենք եք ուզել Դերենիկ Բեջանյանից:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, չեմ հայտնել:

ՀԱՐՑ – Երբ եք այդ մասին հայտնել նրանց:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 27-ին, առավոտյան մոտավորապես ժամը 11.00-12.00 արանքում, մեր տանը, երբ Էդիկը եկել էր: Եղբորս եմ ասել և Էդիկին, հստակ չեմ հիշում Վռամը այդ պահին մեզ հետ էր պատշգամբում, թե բաղնիքում սափրվում էր:

ՀԱՐՑ – Դուք հայտնեցիք, թե ինչ նպատակով եք զենք ուզել Դ. Բեջանյանից:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, չեմ հայտնել:

ՀԱՐՑ – Ձեր եղբայրը՝ Կ. Հունանյանը և Է. Գրիգորյանը չհարցրեցին, թե ինչու համար է Ձեզ պետք զենքերը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես նրանց ասել եմ, որ ավելի ուշ կասեմ, ես նկատի ունեի օրվա երկրորդ կեսին:

ՀԱՐՑ – Ուր գնաց Ձեր տնից Է. Գրիգորյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Է. Գրիգորյանը գնացել է Դերոյի հետ պայմանավորված տեղը հանդիպելու, ժամը մոտ 1.00-ի կողմը:

ՀԱՐՑ – Երբ էին պայմանավորվել հանդիպելու և ինչ նպատակով և որն է այդ պայմանավորված տեղը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հանդիպումը պիտի լիներ Երևանյան լճի հարևանությամբ, դեպի երրորդ մաս գնացող մայրուղու մոտ, որտեղ շինանյութով բարձած մեքենաներ են կանգնում: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ օրը: Էդիկը պիտի տեղեկություն ստանար զենքի մասին և եթե պարզվեր, որ կա, պիտի պայմանավորվեր ժամը 4.00-ին Հարավ-Արևմտյան թաղամասում հանդիպելու համար:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք որ 26.10.99 թ.-ին Է. Գրիգորյանը չի իմացել, որ Դուք զենքեր եք ուզել Դ. Բեջանյանից, այդ դեպքում ինչպես կարող էր պայմանավորվածություն ձեռք բերվել Է. Գրիգորյանի և Դ. Բեջանյանի միջև մյուս օրը հանդիպելու և այդ հարցի պատասխանը ստանալու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ – Պայմանավորվածությունը ձեռք է բերվել իմ և Դերոյի միջև, իսկ Էդիկին ես ասել եմ հոկտեմբերի 27-ի առավոտյան, ինչպես արդեն նշել եմ վերևում:

ՀԱՐՑ – Ինչպիսի պայմանավորվածություն էր ձեռք բերվել 26.10.99 թ.-ին Ձեր և Դ. Բեջանյանի միջև:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ժամը 13.00-ին նշանակված էր հանդիպումը: Պայմանավորվածությունը այնպիսին էր, որ եթե ես չեմ գնա հանդիպմանը, ապա կլինի իմ մարդը, տվյալ դեպքում տվել եմ Էդիկի անունը:

ՀԱՐՑ – Ինչ նպատակով էիք պայմանավորվել հանդիպելու Դ. Բեջանյանի հետ 27.10.99 թ.:

ՊԱՏԱՍԽԱՆ – Պարզելու, թե նա զենք ճարել է, թե ոչ:

ՀԱՐՑ – Դուք 27.10.99 թ.-ին Ձեր տանը հայտնեցիք Է.  Գրիգորյանին, թե ինչու համար նա պետք է հանդիպի Դ. Բեջանյանի հետ և նրանք որևէ գործողություններ պետք է անեին թե ոչ, հանդիպելուց հետո:

ՊԱՏԱՍԽԱՆ – Էդիկը Դերոյից պիտի իմանար պատասխանը, և դրա դրական լինելու դեպքում պայմանավորվեր Դերոյի հետ ժամը 4.00-ի կողմերը Հարավ-Արևմտյան թաղամասում հանդիպելու համար:

ՀԱՐՑ – Ինչու պիտի Է. Գրիգորյանը պայմանավորվեր Դ. Բեջանյանի հետ Հ–Ա թաղամասում հանդիպել ինչ նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Պայմանավորվելու նպատակը այն էր, որ Դերոն իր հետ բերեր զենքերը, և որը ես վերցնեի: Այսինքն Էդիկը նրա հետ պիտի պայմանավորվեր ժամ և տեղ, ուր և պիտի գար Դերոն և բերեր զենքերը: Այդտեղ պիտի լինեի նաև ես:

ՀԱՐՑ – Ե՞րբ Դուք իմացաք, որ Դ. Բեջանյանը «հայթայթել է» զենքերը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Էդիկի վերադառնալուց հետո: Նրա խոսքերով ամեն ինչ նորմալ է, և այլ բան չէր ասել, որովհետև մեր տանը:՞՞՞ Մեր վերևի հարկի հարևանուհին՝ Լալան: Նա նաև հայտնեց, որ պայմանավորվել է ժամը 4.00-ի կողմերը Դերոյի հետ հանդիպելու համար:

Էդիկը վերադարձավ մոտ ժամը 14.00-ի՞՞՞ կողմերը: Այլևս նա մեր տանից չի բացակայել մինչև իմ, եղբորս և քեռուս՝ Վռամի հետ դուրս գալը:

ՀԱՐՑ – Երբ և ինչ հանգամանքներում են ծանոթացել միմյանց հետ Դ. Բեջանյանը և Է. Գրիգորյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Իմ հիշելով ես չեմ ծանոթացրել նրանց:

ՀԱՐՑ – Երբ 26.10.99 թ.-ին նրանք հանդիպել են Ձեր տանը միմյանց ճանաչում էին թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այո ճանաչում էին: Իմ կարծիքով նրանք իրար տեսել են հոկտեմբերի սկզբներին, երբ ես պատահաբար հանդիպել եմ Դերոյին իրենց տան մոտ: Այդ օրը իմ հիշելով Էդիկն էլ ինձ հետ էր և հավանաբար նրանք այդտեղ են իրար ծանոթացել:

ՀԱՐՑ – Երբ են միմյանց հետ ծանոթացել Ձեր եղբայրը՝ Կ.  Հունանյանը և Դ. Բեջանյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Երբ Դերենիկը հոկտեմբերի 26-ին եկել է մեր տուն: Մինչ այդ իրար չեն ճանաչել:

ՀԱՐՑ – Երբ և ինչ հանգամանքներում են ծանոթացել միմյանց հետ Ձեր քեռին՝ Վ. Գալստյանը և Դ. Բեջանյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Վռամը և Դերոն ծանոթներ չեն եղել: Վռամը նրան տեսել է երեկոյան հոկտեմբեր 26-ին մեր տանը, բայց նրանք միայն ընդհանուր բարև են փոխանակել առանց ծանոթանալու:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք, որ 27.10.99 թ.-ին ժ. 16-ի սահմաններում Դուք, Կ. Հունանյանը, Վ. Գալստյանը և Է. Գրիգորյանը դուրս եք եկել Ձեր տնից դա այդպես է թե ոչ, դուրս գալիս Դուք մյուսներին ասել եք, թե ուր եք գնում և ինչ նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մենք միասին ենք դուրս եկել և դա այդպես է: Իսկ ասել եմ ճանապարհին, որ գնում ենք Դերոյի հետ հանդիպելու մի կարևոր գործով, որ ՙհետո կասեմ՚:

ՀԱՐՑ – Տանից դուրս գալու ժամանակ ինչ նպատակով են տնից դուրս եկել Ձեզ հետ Ձեր եղբայրը, քեռին:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նրանք ինձ հետ են եկել ուղղակի և Ազգային ժողով գնալու մասին դեռ չեն իմացել:

ՀԱՐՑ – Ինչ նպատակով են նրանք դուրս եկել Ձեզ հետ տանից:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նրանք ինձ հետ եկել են Դերոյի հետ հանդիպելու նպատակով: Ես ասել եմ, որ գնանք Դերոյի հետ հանդիպելու:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք, որ Դ. Բեջանյանի հետ հանդիպման գնացել եք Է. Գրիգորյանին պատկանող «ՎԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով ով նստեց ղեկին և Ձեր 4-ից յուրաքանչյուրը որտեղ նստեց մեքենայի մեջ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մեքենան վարում էր Էդիկը, ես և եթե չեմ սխալվում Վռամը ետևի մասում էինք նստած, իսկ Կարենը առջևում:

ՀԱՐՑ – Կոնկրետ Հարավ–Արևմտյան թաղամասի որ հատվածում էիք պայմանավորվել հանդիպել Դ. Բեջանյանի հետ, նկարագրեք այդ տեղը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կապի հանգույցի քիչ վերև, ջրանցքի մոտ:

ՀԱՐՑ – Դուք նշել եք, որ այդ տեղում հանդիպել եք Դ.  Բեջանյանին, որքան ժամանակ եք մնացել այդտեղ, ինչ մեքենայով էր եկել Դերոն:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ տեղում մնացել ենք երևի մի հինգ րոպե: Ես այդտեղ Դերոյին անձամբ չեմ տեսել: Էդիկն է իջել մեքենայից և մոտեցել է որոշ հեռավորության վրա կանգնած ՌԱՖ մեքենայի, որի մեջ էլ հավանաբար եղել է Դերոն:

ՀԱՐՑ – Ինչ մեքենա՞՞՞ էր այդ «ՌԱՖ»–ը ում մեքենան է դա, ով էր ղեկին և քանի հոգի են եղել մեքենայի մեջ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Քանի որ մեր մեքենայի և ՌԱՖ-ի միջև բավականին հեռավորություն կար և ես մեջքով էի նստած, չեմ կարող այդ հարցերին պատասխանել:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք որ 26.10.99 թ.-ին Ձեր տանն է եղել Ձեր ծանոթ Կամոն, ով է նա, ինչով է զբաղվում, ինչ հարաբերություններ ունեք նրա հետ, որտեղ է բնակվում և բացի նրանից և Ձեր կողմից հիշատակված մյուս անձանցից, ուրիշ մարդիկ այդ օրը՝ 26.10.99 թ. Ձեր տանը եղել են թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կամոյի հետ պատահաբար ծանոթացել Ղրիմում, Եվպատորիայում բնակված ժամանակ, երբ նա բուժումներ էր ընդունում: Եթե չեմ սխալվում բնակվում է Մոսկվայում, իսկ Երևանում կարծեմ Կոմիտասի թաղամասում: Նորմալ մարդկային հարաբերություններ գոյություն ունեն: Հոկտեմբերի 26-ին ստույգ չեմ կարող հիշել, թե ուրիշ ովքեր են այցելել մեր տուն, բացի արդեն նշածս մարդկանցից: Հոկտեմբերի 26-ին տանն է եղել նաև հայրս, որ երեկոյան հիմնականում իր սենյակից դուրս չի եկել:

ՀԱՐՑ – Կոնկրետ որտեղ է բնակվում Կամոն ինչ է նրա ազգանունը, և ինչպես էր նա 26.10.99 թ.-ին հայտնվել Ձեր տանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կոնկրետ հասցեն չգիտեմ: Նա Երևան էր եկել Մոսկվայից մոտ 10 օր առաջ և մեզ զանգել էր ասել, որ Երևանում է և հոկտեմբերի 26-ին հյուր է եկել մեզ:

ՀԱՐՑ – Ո՞ւմ հրավերով և ինչ նպատակով էր Կամոն հյուր եկել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կոնկրետ հրավեր չի եղել: Նա զանգ է տվել, ասել, որ գործերից ազատ է և վստահանալով, որ մենք տանն ենք եկել է հյուր: Ես նաև իրեն պիտի ցույց տայի «Հայաստանի Աշխատավորուհի» ամսագրում եղած սուջուխի ռեցեպտը իր խնդրանքով, որովհետև իր ասելով ուզում է արտադրություն կազմակերպել Մոսկվայում: Կամոյի հեռախոսի համարը մի փոքրիկ թղթի կտորի վրա եղել է իմ գրպանում մասամբ պատառոտված: Ստույգ չեմ հիշում, որ խուզարկության ժամանակ են հանել մնացած փաստաթղթերի և իրերի հետ:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք որ մոտ 5 րոպե մնացել եք Հ–Ա թաղամասում ՙկանալի՚ մոտ Է. Գրիգորյանն է մոտեցել «ՌԱՖ» ավտոմեքենային, ինչ գույնի ավտոմեքենա էր այն և Ձեր մեքենայի ետևում թե առջևում է կանգնած եղել, ինչ հեռավորության վրա:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մեքենան մեր ետևում է կանգնած եղել և իմ հիշելով գույն մուգ էր, թեև մաքուր չլինելու պատճառով կարող եմ և շփոթվել: Դժվարանում եմ հեռավորությունը նշել, քանի որ ետ չեմ նայել:

ՀԱՐՑ – Ինչպես «ՌԱՖ» ավտոմեքենայի վարորդը կռահեց որ պետք է հետևի Ձեզ և գա ԱԺ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Էդիկը գնացել և ասել էր, որ եկեք իմ մեքենայի ետևից:

ՀԱՐՑ – Դուք էիք այդպես ասել Է. Գրիգորյանին և Դուք էիք ասել Է. Գրիգորյանին, որ փոխանցի որպեսզի «ՌԱՖ» ավտոմեքենան հետևի Ձեզ դեպի ԱԺ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Էդիկը արդեն իմանալով, որ գնում ենք Ազգային ժողով, ուղղակի ասել է, որ գան մեր մեքենայի ետևից, բայց չի ասել, որ գնում ենք Ազգային ժողով:

ՀԱՐՑ – Ասացեք խնդրեմ, Դուք երբ որոշեցիք որ պետք է գնաք ԱԺ տեռորիստական ակտ կատարելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ – Դերոյի հետ հանդիպման գնալու ընթացքում, ինչպես նաև հետո դեպի Բաղրամյան փողոց շարժվելու ընթացքում բոլորը իմացան, բայց մեզնից ոչ մեկ տեռորիստական ակտ կատարելու որոշում չի ունեցել և ոչ էլ ցանկություն:

ՀԱՐՑ – Այսինքն միայն մեքենայի մեջ Դուք հայտնեցիք Կ. Հունանյանին, Է. Գրիգորյանին և Վ. Գալստյանին որ պետք է գնաք ԱԺ և նրանք իսկապես համաձայնվեցին Ձեզ հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես մեքենայի մեջ առաջարկեցի և նրանք ընդհանուր առմամբ համաձայնվեցին, թեև ակնհայտ հուզումով, ինչը անբնական չէ: Կա նաև մի հանգամանք, որ ինչպես ես այնպես էլ նրանք այն ընդհանուր կարծիքը ունեին, որ Հայաստանի ընդհանուր քաղաքական անառողջ մթնոլորտը ինքն իրեն և սովորական (այն է քաղաքակիրթ, ընտրությունների միջոցով) մեթոդներով հնարավոր չէ փոխել և որ ճնշում է հարկավոր բանեցնել:

ՀԱՐՑ – Մանրամասնորեն պատմեք Ձեր, Կ. Հունանյանի, Էդ.  Գրիգորյանի, Վ. Գալստյանի ինչպես նաև Դ. Բեջանյանի բոլոր գործողությունները մինչև ԱԺ նիստերի դահլիճ մտնելու պահը, Հ-Ա թաղամասում Դերոյին հանդիպելուց հետո:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մեքենայի մեջ ես նրանց ներկայացրեցի իմ մտահղացումը առաջարկելով բառացի հետևյալը: Գնում ենք Ազգային ժողով, ուր այդ պահին ընթանում է նիստ և որին մասնակցում են նաև վարչապետը և կառավարության այլ անդամներ: Մտնում ենք դահլիճ և բոլորին կոչ անելով կռանալ օդ ենք կրակում: Որից հետո պահանջում ենք, որ հեռուստատեսությունը ուղիղ եթեր միացնի և պահանջում ենք վարչապետից, որ հրաժարական տա: Ապա կապվում ենք նախագահի հետ և նրան հորդորում ենք, որ գա Ազգային Ժողով նոր կառավարություն կազմելու համար, որը իսկապես ծառայի ժողովրդին, այլ ոչ թե հակառակը: Ես վստահ էի և իմ տված տեղեկություններից նրանք էլ վստահացան, որ արյուն չի թափվի, որովհետև բազմաթիվ անգամներ խորհրդարանում լինելով ես նկատել էի, որ շենքի ոստիկանությունը զենք չի կրում և հետևաբար կրակելու կարիք չի լինի: Նկատել էի նաև, որ Ազգային Ժողովի դահլիճին հարող ընդարձակ միջանցքում միայն մեկ հոգի է լինում ատրճանակով զինված չորեքշաբթի օրը դահլիճի դռների դիմացի անկյունում նստած, որին մենք որոշեցինք առանց մի կրակոց արձակելու զինաթափել, որպեսզի ավելորդ աղմուկ չառաջանա և մենք մտնենք դահլիճ: Հետագայի համար էլ էի ես վստահ, որ արյուն չի թափվի, որովհետև մենք որոշեցինք, որ կփակենք դահլիճի բոլոր դռները որպեսզի ոչ ոք չկարողանա դրսից զենքով ներս խուժել, իսկ դահլիճում եղած պատգամավորների և կառավարության անդամների անվտանգության հարցն էլ կստիպեր, որ դրսից չկրակեն և կամ չփորձեն դռները խորտակելով մտնել ներս:

Այս ամբողջ խոսակցությունը ընթանում էր մեքենայի մեջ ընթացքի ժամանակ, ես միայն այդ բոլոր տեղեկությունները, փաստարկները և արյուն չթափելու ու փոխհրաձգության անհնարինության մասին վերլուծությունները մղեցին բոլորին ընդունելու առաջարկը: Վռամը զգացվում էր, որ որոշ վերապահություններ ուներ և դեպի դարպաս գնալիս ես տեսա, որ նա դեռ ավտոմեքենայի մեջ է և ետ վերադարձա նրա ետևից, և միասին գնացինք: Իմ զգալով, Կարենը նույնպես երկմտում էր և զգալով, որ ես կարող եմ նույնիսկ մենակ գնալ համաձայնվեց: Որոշեցինք նաև, որ դարպասով մեր երեքիս՝ իմ, Վռամի և Կարենի անցնելուց հետո քիչ չանցած գան նաև Էդիկը և Դերոն: Դա գրեթե 1-2 րոպեի տարբերությամբ պիտի լիներ: Նրանց մեզնից քիչ ուշ մտնելու հանգամանքը, կապված էր լինելու անցագիր չունենալու հետ:

Խոսելով և որոշելով մեքենան կանգ առավ Ազգային Ժողովի անցագրային բաժնի մուտքի մոտ, իսկ քիչ անց մեզնից անցնելով որոշ տարածություն, կանգ առավ մեքենան, որի մեջ Դերոն էր: Ես մտել եմ անցագրային բաժին և մոտ հինգ րոպե եղել եմ այնտեղ անցագրեր ստանալու համար:

Ի դեպ նշեմ, որ անցագրեր իջեցնելու համար ես ցերեկը տանից զանգահարել եմ Անուշ անունով իմ ծանոթին, որ աշխատում է Ա. Ժողովի լրատվության բաժնում, նրան ասելով, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ կապված մի բողոքով ուզում եմ խոսել և խորհրդակցել պատգամավորներից և կառավարության անդամներից մեկ-երկուսի հետ:

Հինգ րոպե հետո անցագիրը վերցրած ես դուրս եմ եկել անցագրայինից և մոտենալով մեր ավտոմեքենային վերցրել եմ զենքը և երեքով՝ ես, Վռամը և Կարենը մտել ենք ներս դարպասից, Բաղրամյան փողոցի կողմից: Պայմանավորվածության համաձայն, Էդոն Դերոյին շատ կարճ պիտի բացատրեր մեր առաջարկը և որոշումը և միասին արագ հասնեին մեր ետևից: Դերոյի չգալու պարագային Էդիկը մենակ պիտի գար: Մենք շենք մտնելով բարձրացել ենք երկրորդ հարկ և ձախ թեքվելով միջանցքով գնացել դեպի դահլիճի կողմը: Ինչո՞ւ ձախ կողմով գնացինք, որովհետև ըստ մեր տեղեկության դահլիճի դիմացի մեծ միջանցքի հենց այդ ծայրում էր սովորաբար լինում մեկ զինված թիկնապահը, և որին մենք պիտի կարողանայինք ըստ մեր որոշման անաղմուկ զինաթափ անել: Մենք մոտենալով անկյունից տեսանք, որ միջանցքում զարմանալիորեն ոչ ոք չկար ընդհանրապես և փամփուշտով լի մագազինները հագցնելով ինքնաձիգների վրա արագ նախագահության դռնից հաշված առաջին դռնից մտանք ներս:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք որ Անուշ անունով Ձեր ծանոթ աղջկան եք դիմել որ իջեցնի անցագրերը ով է Անուշը, ինչ առնչություն ունեք նրա հետ երբ եք ծանոթացել ում միջոցով ինչ պաշտոն է նա զբաղեցնում ԱԺ լրատվության բաժնում:

ՊԱՏԱՍԽԱՆ – Անուշի հետ ծանոթացել եմ 1998 թվ., երբ նա իմ համալսարանական ընկերներից Տիգրան Նազարյանի հետ միասին Ազգային հեռուստատեսության 1 լուր ծրագրի վրա էին աշխատում: Ստույգ չեմ հիշում, բայց հավանաբար սեպտեմբերին, երբ նրանք Էդիկ Գրիգորյանի կատարած մի եզակի վիրահատության մասին նյութ էին պատրաստում և Էդիկը ուղիղ եթերով պիտի խոսեր, ես էլ նրա հետ գնացել հեռուստատեսություն: Հարցազրույցը վարում էր Անուշը և այդտեղ էլ փաստորեն ծանոթացանք: Թե ի՞նչ պաշտոն է զբաղեցնում Ազգային Ժողովի լրատվության բաժնում չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ շարքային աշխատող է:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք որ 27.10.99 թ. զանգահարել եք Անուշին և խնդրել եք որ անցագրեր իջեցնի կոնկրետ երբ եք նրան զանգահարել, որտեղից նրա հեռախոսի համարը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Զանգահարել եմ հավանաբար ժամը 11.00-ի կողմերը: Նրա հեռախոսի համարը ես վաղուց ունեի, և եթե չեմ սխալվում զանգել էի լրատվության բաժին և խնդրել, որ տան Անուշի համարը: Այդ համարով ես տարբեր ժամանակներ զանգել եմ իրեն անցագրի խնդրանքով:

Ուզում եմ հայտնել ձեզ, որ հոգնածության պատճառով չեմ կարող հարցաքննությանը մասնակցել, և խնդրում եմ հետաձգել քննությունը մինչև հոկտեմբերի 30-ը: