ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել ոչ միայն գյուղաբնակ, այլև քաղաքաբնակ չաշխատող մայրերին:
Ըստ նախագծի՝ խնամքի նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը․
-խնամքի արձակուրդում գտնվող ծնողին նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափի նկատմամբ տոկոսային կապով, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով,
-խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ կվճարվի խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող ծնողների համար սահմանված չափերի հանրագումարի չափով:
Այսպիսով 2023-ին հունվարի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների ծնողներին նշանակվելու է խնամքի նպաստ՝ 37500 դրամի չափով, անկախ բնակության վայրի հասցեից: