Այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն այցելել է Խմելնիցկի մարզի Շեպետիվկա քաղաք՝ մասնակցելու քաղաքի կենտրոնում տեղադրված խաչքարի բացման և օծման արարողությանը: Խաչքարը տեղադրվել է ի նշան հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել մարզի, քաղաքային իշխանության և տարբեր դավանանքների ներկայացուցիչները: Իր խոսքում դեսպան Կարապետյանը նշել է, որ խաչքարի բացումը տեղի է ունենում խորհրդանշական ժամանակաշրջանում, երբ երկու ժողովուրդները կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առջև: Նա կարևորել է արարողությունն ու հայաստանցի և ուկրաինացի պաշտոնյաների ներկայությունը՝ որպես հայ-ուկրաինական բարեկամության ևս մի նշանակալի դրսևորում:
Արարողությանը հաջորդել է դեսպանի հանդիպումը մարզի տարբեր քաղաքների՝ Խմելնիցիկիի, Կամենեց-Պոդոլսկի, Շեպետիվկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, խոսել հայ-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության գործունեության մասին:
Շեպետիվկա այցելությանը և բոլոր միջոցառումներին մասնակցել են նաև Հայ առաքեկալան եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանն ու Ուկրաինայում հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը: