Հասարակություն

Իլ դը Ֆրանսի փորձը կկիրառվի Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելիս

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև փակ հանքերի տարածքների կանաչապատման հարցը։

Ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը Radar Armenia-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այժմ քայլեր են ձեռնարկվում վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և Իլ դը Ֆրանսի հաջողված փորձը Երևանում կիրառելու ուղղությամբ:

Նշենք, որ Երևանում այս պահին կա 11 փակ հանք։ Դրանց տարածքները կանաչապատելու հարցով քննարկումներ եղել էին դեռևս օգոստոսից։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը օգոստոսի 1-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ ուսումնասիրել են բոլոր 11 հանքավայրերը, ու այս պահին նպատակահարմար է կանաչապատել միայն գաջի գործարանի հարևանությամբ գտնվող տարածքները, որոնք բավականին մոտ են բնակելի շենքերին։ 

Հայկ Մագոյան