Հասարակություն

Տեղի է ունեցել «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ համաժողովը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մասնակցել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ կազմակերպած «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ համաժողովին:

Ամենամյա համաժողովին մասնակցել են գյուղական համայնքների զարգացման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, նորարարության, ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություններ և անհատ ձեռներեցներ։

«Բիզնես նախաձեռնությունները որպես զարգացման շարժիչ ուժ» խորագրով համաժողովի նպատակն է բացահայտել գյուղական համայնքների զարգացման տարբեր փորձառություններ, ներկայացնել լավագույն փորձը և հաջողված մոտեցումներ, քննարկել առաջացած խնդիրները հաղթահարելու ուղիներ, բացահայտել համատեղ նախագծերի հնարավորություններ և ստեղծել հավանական համագործակցության հիմքեր։

Համաժողովի ձևաչափն իրենից ներկայացնում է թեմատիկ քննարկումների ու էքսպո բաղադրիչի համադրություն, որին իրենց ծառայություններն ու արտադրանքն են ներկայացրել նաև ձեռնարկատիրությամբ ու նախաձեռնություններով գյուղական համայնքների զարգացմանը նպաստող Արմավիրի մարզի կազմակերպությունները: