Հասարակություն

Կալանավորը Վանաձորի դատախազությունում ռումբի առկայության վերաբերյալ կեղծ ահազանգ է կատարել. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ ինքը գտնվում է քրեակատարողական հիմնարկում և իր ցուցումով ժամը 11։30-ին՝ Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ և Մյասնիկյան փողոցներում գործող Լոռու մարզի դատախազության և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նկուղներում ռումբեր են տեղադրվել, և քիչ անց պայթեցվելու են։

Նշված հասցեներ են մեկնել ԱԻՆ ՓԾ  Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ, ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական ծառայության և ինժեներասակրավորական վաշտի ծառայողները, ինչպես նաև՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբերը։  Մի քանի ժամ որոնողական ստուգումների արդյունքում նշված տարածքներում ռումբ կամ որևէ պայթուցիկ սարքավորում չի հայտնաբերվել։

Պարզել են, որ կեղծ ահազանգը կատարվել է Վանաձորի բանտում գտնվող կալանավոր 46-ամյա Գառնիկ Բաղդասարյանի կողմից։