ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է ադրբեջանական գերությունից վերադարձած 16 զինծառայողների խնդրին։
Նա պատմել է, որ զինծառայողների հետ առանձին հանդիպումներ են անցկացրել. «Մենք զեկույց կնախապատրաստենք, որպեսզի արձանագրենք եզրակացությունները, փաստացի տվյալները, որոնք տղաները մեզ հայտնել են։ Մենք խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և նվաստացման փաստեր ենք պարզել։ Գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին։ Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում, և նույնիսկ հոսպիտալում բուժանձնակազմի կողմից։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի»։
ՄԻՊ-ը տեսակետ է հայտնել, որ Ադրբեջանի իրագործած բարբարոսությունների և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վերաբերյալ փաստերը պետք է դրվեն բանակցային սեղանին։ Ըստ նրա. «Չեմ կարծում, որ մենք պետք է խոսենք պատերազմի մասին և չասենք, որ չենք ուզում ջանքեր գործադրել խաղաղության համար»։
ՄԻՊ-ը նաև նշել է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ առաջին հերթին կարևորել են խաղաղությունը. «Չպետք է ընկնենք մեկ այլ ծայրահեղության մեջ՝ ասելով, թե եթե նման վիճակ ունենք, ապա պետք է զինվենք և հարձակվենք։ Սա ամենակործանարար միտքն է։ Մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղության հասնելու համար։ Պետք է անընդհատ աշխատել այս ուղղությամբ»։