Հասարակություն

Հայաստանում արհեստական բանականության և տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր է և իրատեսական. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի (FAST) հետ համատեղ կազմակերպված ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն այս տարի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրն ունի:

Պանելային քննարկման թեման բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրներն էին:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես արհեստական բանականությանը, անձնավորված դեղամիջոցների կրառմանը, այնպես էլ տեխնոլոգիաների արդյունավետության ու անվտանգության նպատակով էթիկական նորմերի և կարգավորումների անհրաժեշտությանը:

Նախարարը նշել է, որ տեխնոլոգիաները կարող են կիրառվել ոչ միայն թիրախավորված բժշկության, մի շարք հիվանդությունների բուժման, այլև հանրային առողջապահական խնդիրների լուծման համար։

Նրա խոսքով. «Արհեստական բանականությունը և անձնավորված դեղամիջոցները կարող են մեծապես նպաստել հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում, բայց էթիկական նորմերը և կարգավորումներն անհրաժեշտ են պաշտպանելու և գիտական ձեռքբերումները հօգուտ մարդկանց օգտագործելու համար:

Ես հավատում եմ, որ Հայաստանում արհեստական բանականության և տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր է և իրատեսական, եթե ներդրում անենք կրթության և ենթակառուցվածքների մեջ»։