ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի 12 բժշկական կենտրոնում իրականացվում են նախագծման կամ շինարարական աշխատանքներ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում:
Նրա խոսքով. «Հաջորդ տարի էլ բյուջեով արդեն իսկ նախատեսվել են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հատվածի բարեկարգման հետ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է: Եթե Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով բավարար կետի է հասնում, նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի մասին: Եվ սա մեր կարևոր բարեփոխումներից է, որ կապիտալ ներդրումները հաջորդիվ պետք է ուղղվեն առաջնային օղակի բարեկարգումներին»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ավանեսյանը նաև հավելել է, որ ամբուլատորիաների բարեկարգումը բավականին լավ ազդեցություն է ունենալու ընդհանուր առողջապահական համակարգի վրա: