Հասարակություն

Տարկետում ստացածների զորակոչի ենթակա տարիքը կերկարաձգվի

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ակադեմիական հիմքով տարկետում տալու օրենսդրական փոփոխության առաջարկը՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է՝ Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը:

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը Radar Armenia-ի հետ զրույցում պարզաբանեց, որ նման խնդիր առաջացել է հանրակրթության տևողության փոփոխության պատճառով. «Հանրակրթության տևողությունը այժմ 12 տարի է, ինչով պայմանավորված՝ կրթության ցիկլի տևողությունը երկարաձգվել է, մինչդեռ 27 տարվա շեմը մնացել էր անփոփոխ: Այդ իսկ պատճառով շրջանավարտները չեն հասցնում ասպիրանտուրան նորմալ ժամկետում ավարտեն։ Ստացվում է՝ 27 տարեկանը լրանում է, և ասպիրանտուրայի ուսանողը երկրորդ կուրսում է լինում, կիսատ է թողնում ուսումը և զորակոչվում։ Ուսման լիարժեք ընթացքը ապահովելու համար մեկ տարի  ավելացվել է, որով զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը»:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը։

Հայկ Մագոյան