Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն առանձին քննարկումներ կունենա ՀՀ նախկին նախագահների հետ. տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,- հայտնել է Տ. Եսայի քահանան:
Հիշեցնենք ՀՀ առաջին նախագահի խոսնակը տարածել էր Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որում ասվում էր. «...իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը»: