Հասարակություն

Սեզոնային գրիպի հետ մեկտեղ կորոնավիրուսը կարող է որոշակի ակտիվանալ

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 910 նոր դեպք, նախորդ շաբաթ արձանագրված դեպքերի թիվը 1431 էր։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը հարաբերական կայուն է։ Սակայն, ըստ նրա, սա չի նշանակում, որ աշխուժացում չի լինի։

Գրիգորյանի խոսքով՝ հատկապես հիմա, երբ սկսվում է սուր շնչառական վարակների՝ սեզոնային գրիպների շրջանը, կարող է ակտիվանալ նաև կորոնավիրուսային հիվանդությունը. «Այս համատեքստում կարևոր է պատվաստումների դերն ու նշանակությունը, և, հատկապես, խթանիչ դեղաչափերի, որովհետև բնակչության հիմնական մասը՝ մոտ 51%, արդեն ստացել է կորոնավիրուսային հիվանդությունների դեմ պատվաստումների առաջին դեղաչափը, մոտ 46 %-ը՝ երկրորդ դեղաչափը, սակայն բուստեր՝ խթանիչ դեղաչափերի առումով իրավիճակը այդքան էլ լավ չէ։ Բնակչության ընդամենը մոտ 3%-ն է ստացել բուստեր դեղաչափ»։

Սվետլանա Գրիգորյանը շեշտեց, որ ժամանակի ընթացքում պատվաստումներում եղած հակամարմինների որոշակի նվազում է դիտվում, ուստի շատ կարևոր է բուստեր դեղաչափերի կիրառումը՝ կանխարգելելու հոսպիտալացումների և ծանր դեպքերի աճը։ 

Մասնագետի խոսքով՝ թեև Հայաստանում իրականացվում է ամենօրյա  մշտադիտարկում, բայց դժվար է ասել՝ նոր ալիքի բռնկման հավանականություն կա՞, թե՞ ոչ։

Հարցին՝ երկու դեղաչափով պատվաստված անձը որքան ժամանակ հետո պետք է ստանա բուստեր՝ խթանիչ դեղաչափ, Գրիգորյանն ասաց, որ երկրորդ դեղաչափն ստանալուց 3-6 ամիս հետո է առաջարկվում ստանալ խթանիչը, քանի որ դա այն օպտիմալ ժամանակահատվածն է, որում անձը հնարավորություն կունենա ստանալ խթանիչ դեղաչափ և, սեզոնին ընդառաջ, կլինի պաշտպանված։

Հայկ Մագոյան