ՀՀ կառավարությունը հասռատել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Հաջորդ տարվա բյուջեի եկամուտները նախատեսված է սահմանել 2 տրիլիոն 301 մլրդ 291 մլն 155 հազար դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 590 մլրդ 147 մլն 50.7 հազար դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 288,8 մլրդ։
Նշենք, որ հաջորդ տարվա բյուջեն 354 մլրդ դրամով ավել կլինի 2022-ի բյուջեից։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց. «2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:
Նշված պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսական միջավայրի վրա և գալիք տարվա մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի, միաժամանակ, չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին, ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը դրական զարգացում է դրսևորում»:
Խաչատրյանը նաև նշեց, որ ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով, իսկ հաջորդ տարվա համար նախատեսված է 7 տոկոս տնտեսական աճ. «Գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար պետք է արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, բարձրացնեն պետական բյուջեով նախատեսված սոցիալական ծրագրերի արդյունավետությունը»։
2023թ. բյուջեի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով, որտեղ կքննարկվի այն և կընդունվի։