Կայացել է հայկական էկոպորտալի Սևանա լճի բաժնի համապարփակ հայեցակարգի մշակմանը նվիրված աշխատաժողով, որը կազմակերպվել էր Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներքո:
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայկական Էկոպորտալի՝ ծրագրի շրջանակներում մշակվելիք Սևանա լճի բաժնի տեսլականը։ Այս հարթակը կծառայի որպես Սևանա լճի և դրա ավազանի վերաբերյալ բնապահպանական տվյալների, ուսումնասիրությունների արդյունքների և այլ անհրաժեշտ տեղեկատվության հանրամատչելի և հասանելի տեղեկատվական հանգույց։
Աշխատաժողովին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը, հայեցակարգի մշակման աշխատանքներն իրականացնող կազմակերպության՝ Գեոինֆո ՍՊԸ-ի փորձագիտական թիմը, ինչպես նաև այլ կառավարական, գիտակրթական, հասարակական շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ փորձագետներ և հետազոտողներ:
Նախարարի տեղակալ Մեյմարյանը ողջունել է մասնակիցներին և նշել. «Շնորհակալ եմ, որ մեր պետության համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում շարունակում եք հավատարիմ մնալ շրջակա միջավայրի, մասնավորապես Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մեր միասնական տեսլականին և չեք դադարում ձեր ամենօրյա ջանքերի շնորհիվ մեզ մոտեցնել դեպի այդ տեսլականը։ Ինքս խիստ կարևորում եմ Սևանա լճի շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի ներդրման և էկոպորտալի մշակման գործընթացը և հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկումը կապահովի կարծիքների փոխանակում էլեկտրոնային կառավարման ապագայի և շրջակա միջավայրի միջոլորտային տիրույթում բաց տվյալների վերաբերյալ»:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են հարթակի առաջարկվող տեխնիկական լուծումները, գործիքակազմը, տարածական և նկարագրական տվյալների հավաքածուները, որոնք կինտեգրվեն այս տեղեկատվական ռեսուրսում։ Հավաքագրվել են պոտենցիալ օգտագործողների առաջարկություններն ու մեկնաբանությունները, որոնք հաշվի կառնվեն հայեցակարգի վերջնական տարբերակում։ Աշխատաժողովն ամփոփվել է հարց ու պատասխաններով, ինչպես նաև առաջիկա քայլերի և համագործակցության ուղիների վերաբերյալ խմբային քննարկումով:
Որոշվել է մինչ հայեցակարգի վերջնական տարբերակի ներկայացումը շարունակել դրա առանձին բաժինների քննարկումները համապատասխան կազմակերպությունների և մասնագետների հետ՝ շահառուների պահանջները առավելագույնս ներառելու նպատակով։ EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից: