Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արեգ Գրիգորյանն է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, նաև որ նույն օրը՝ ժամը 16:10-ի սահաններում Ա. Գրիգորյանը Մարտունի քաղաքի Կոմիտաս և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում «Սուսմետ» ՍՊԸ-ին պատկանող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի ամրացված վերամբարձ կռունկով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ամբարձիչը մոտեցրել է մոտ 10 000 վոլտ բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխներին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: