Հասարակություն

Առանձին միկրոավտոբուսային երթուղիներ դադարեցվել են. Նոր Նորքի բնակիչների տեղաշարժը բարդացել է

Radar Armenia-ն քաղաքացիներից բողոքներ էր ստացել, որ հանվել են Նոր Նորքի 3-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածներ գնացող միկրոավտոբուսային 6, 58, 66 երթուղիները, ինչի հետևանքով ավելի է բարդացել մարդկանց տեղաշարժը։

Պարզաբանում ստանալու համար Radar Armenia-ն հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան։

Ի պատասխան՝ քաղաքապետարանից պատասխանել են, որ մայրաքաղաք ներկրված նոր, միջին և փոքր դասի ավտոբուսների ներդրման գործընթացի շրջանակներում դադարեցվել են առանձին միկրոավտոբուսային երթուղիների, այդ թվում՝ միկրոավտոբուսային 6, 66, 58 երթուղիների աշխատանքը: 

«Նշված երթուղիների ուղեգծերը հիմնականում կրկնում էին նոր, «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուսներով սպասարկվող հ.հ. 3, 28 երթուղիներին: Առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մայրաքաղաք ներկրվելիք ավտոբուսների նոր խմբաքանակների  ներդրման աշխատանքներին զուգահեռ, դադարեցվելու է բոլոր միկրոավտոբուսային երթուղիների շահագործումը»,- ասվում է քաղաքապետարանի տրամադրած պատասխանում:

Փաստորեն, քաղաքացիները պետք է դեռ մեկ տարի իրար գլխի թռած երթևեկեն, մինչև ներկրվեն ավտոբուսների նոր խմբաքանակները, կամ էլ ստիպված տաքսիներով պիտի երթևեկեն։ Արդյունքում դեռ մեկ տարի ունենալու ենք երթուղայիններով երթևեկելու լուրջ խնդիրներ։

Հայկ Մագոյան