Հասարակություն

Գերեզմանատներից գողություն անող տղամարդը հայտնաբերվել է

Օգոստոսի 4-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի գերեզմանատնից գողացել են ազգականների գերեզմանոցի զարդանախշերը: Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի հարակից գերեզմանատնից գողացել են նշված գերեզմանոցի ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Դավիթ Բեկի փողոցի 49-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին: Նա խոստովանել է, որ գողություններ է արել նաև այլ գերեզմանատներից: 49-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: