Հասարակություն

Մեկնարկում է Կապսի ջրամբարի շինարարությունը

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ջրային ոլորտին առնչվող հարցերի քննարկման նպատակով ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի նախագահն արդյունավետ է գնահատել մինչ օրս երկկողմ համագործակցությունը, անդրադարձ է կատարել «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի/Եղվարդի ջրամբարի» ծրագրին՝ կարևորելով Ջրային կոմիտեի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև առկա ակտիվ և շարունակական համագործակցությունը։

Հյուրերին ներկայացնելով ջրամբարաշինության ընթացիկ ծրագրերի մասին՝ Կոմիտեի նախագահը հատկապես շեշտել է, որ այս տարի ավարտին է մոտենում Վեդիի ջրամբարի և սկսվում՝ Կապսի ջրամբարի շինարարությունը, իսկ 6 ջրամբարների մասով մեկնարկել է նախագծման մրցութային գործընթացը։

Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Եղվարդի ջրամբարին, որի շրջանակներում Կոմիտեի նախագահը հյուրերին է ներկայացրել այդ ուղղությամբ տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ընթացող քննարկումների արդյունքները։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Սոնա Հայրապետյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը:
Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության պատվիրակության կազմում էին Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Տանաբե Հայդեկին, Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկին և JICA֊ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանը։