Օրերս անդրադարձել էինք Գավառի մանկատան շրջանավարտ Մերի Չարվադարյանի խնդրին։ Մանկատան նախկին շրջանավարտը տեղեկացրել էր, որ 2020 թվականից ի վեր չի կարողանում սեփականաշնորհել պետության կողմից անհատույց տրամադրած բնակարանը։ Բնակարանը նա ստացել էր 2007 թվականին, իսկ սեփականության իրավունք ձեռք բերելու որոշումը կայացվել է 2020-ին։ Քաղաքացին պնդում էր, որ բազմիցս դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, բայց ստացել է իրարամերժ պատասխաններ։ Ըստ նրա՝ բնակարանը սեփականաշնորհելու համար ունեցել է մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ժամանակ, բայց չի կարողացել անել , քանի որ նախարարությունից ասել են՝ քրեական գործ է հարուցված։
Radar Armenia-ն պարզաբանումներ ստանալու համար գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և քննչական կոմիտե։
Եվ ահա, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ կառավարության 2020 թ. օգոստոսի 13-ի N1325-Ն որոշմամբ հաստատվել է բնակելի տան նվիրաբերության կարգը. «Նվիրաբերության գործընթացի ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, որոնց շուրջ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով նախարարությունը հարցումներ է կատարել շահագրգիռ մարմիններին՝ տիպական խնդիրները բացահայտելու և դրանք վերլուծելու նպատակով։
Շահագրգիռ մարմիններից ստացված տեղեկատվության ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են որոշման նախագծի հիմնավորումներին և անհատույց օգտագործման պայմանագրային պայմաններին լիարժեք համապատասխանելու տեսանկյունից մի շարք խնդիրներ (օրինակ՝ ցուցակում ներառված է եղել որոշման ուժի մեջ մտնելուց շուրջ մեկ տարի առաջ մահացած անձ)»,-ասվում է գերատեսչության պատասխանում և նշվում, որ ի հայտ եկած խնդրահարույց դեպքերն ամփոփվել են և 2022 թ. մայիսի 5-ին ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրություն կատարելու և իրավական գնահատական տալու նպատակով։
Նախարարությունը հայտնում է նաև, որ վերոգրյալ գործընթացի շրջանակում գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով 2022թ. հունիսի 21-ին հարուցվել է քրեական գործ, որի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությանը նախարարությունը չի տիրապետում։
ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է քրեական վարույթ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնյաների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում ՀՀ-ից բացակայող, բնակտարածքը չօգտագործող, անշարժ գույք ունեցող, մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց հետ կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերը չլուծելու, վերջիններիս կառավարության օգոստոսի 13-ի N1325-Ն որոշման նախագծի ցուցակում ներառելով՝ բնակտարածքի կարիք ունեցող բնակարանային ապահովման խոչընդոտներ ստեղծելու հետևանքով անզգուշությամբ պետության և քաղաքացիների օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Հայկ Մագոյան