Հասարակություն

Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում կվերականգնվի ուսումնական գործընթացը

«Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի որոշ բնակավայրերում անվտանգության խնդիրներ առաջացան, և դա բերեց նրան, որ այնտեղ երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից ու կրթության իրավունքից». այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ խոսքը շուրջ 25 հազար դպրոցահասակ և 6 հազար նախադպրոցական տարիքի երեխայի կրթության ընդհատման մասին է։ 

Ըստ Անդրեասյանի՝ նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում չեն գործել ուսումնական հաստատությունները։ 

ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ վերը նշված մարզերում այսօրվանից կվերականգնվի ուսումնական գործընթացը. «Այն դպրոցներում, որտեղ անվտանգության տեսանկյունից հնարավորություն կա, կրթությունը կիրականացվի առկա եղանակով, իսկ այն բնակավայրերում, որտեղ առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չէ, գործընթացը կկազմակերպվի հեռավար»։