Հասարակություն

«Չնայած բոլոր խնդիրներին, ուսուցիչներն ատեստավորման էին եկել նաև Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում»․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ինչ որ հիմա գրում եմ, գիտեմ, որ միանշանակ չի ընկալվի, բայց գրում եմ, որովհետև ավելի կարևոր եմ համարում մարդկանց ուժի ու կենսունակության փաստը նշել, քան այն քննադատությունը, որ կարող է լինել։

Այսօր անցկացվեց հայոց լեզվի կամավոր ատեստավորումը։ Ուսուցիչները եկել էին ատեստավորման նաև Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում։ Չնայած բոլոր խնդիրներին ու իրավիճակին, մարդիկ իրենց մեջ ուժ էին գտել ու եկել էին։ Եղեգնաձորում հնարավորություն ունեցա տեսնել, թե ինչ ուժեղ են մեր ուսուցիչները՝ թեկուզ միայն իրենց գալու, այս իրավիճակում կենտրոնանալու, իրենց վարքով օրինակ հանդիսանալու փաստով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Սա, վստահ եմ, ոչ պակաս կարևոր դաս է ձեր սովորողներին։

Գիտեմ, որ այսօր դասերն էլ դպրոցում բոլորովին հեշտ չեն, բայց դրանք դառնում են նաևփոխօգնության, հոգեբանական աջակցության, արժեքային դաստիարակության միջավայր։ Եթե մեր ուսուցիչները գտնում են ուժն ու հաստատակամությունը՝ իրենց պլանավորածն ու անելիքն անելու, մնացած բոլորս ուղղակի պետք է հետևենք նրանց»։