Հասարակություն

ԱԻ նախարարն այցելել է Ջերմուկ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր այցելել է Փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատ, որի շենքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով վնասվել էր:

Նա տեղեկացրել է. «Մասնավորապես, կոտրվել էին շինության պատուհանների ապակիները և տուժել հարևանությամբ կայանված ավտոմեքենաները: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև այցելել եմ նաև ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության և մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից ձևավորված՝ մարտական հերթապահություն իրականացնող խմբերի տեղակայման վայրեր: Զրուցել եմ անձնակազմի հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել անփորձանք ծառայություն:

Ջերմուկ քաղաքում հանդիպում եմ ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկել ենք մի շարք հարցեր»։