Հասարակություն

Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հայկական ԶՈՒ-ն 6 դիրք ետ է վերցրել։ 

Նրա խոսքով. «Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Եվ այս գործողություններով, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել: Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է: Շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի»:

Քոչարյանը կարևորեց հրադադարի ռեժիմը պահելը, որպեսզի հայկական կողմի ուժերը վերադասավորման փուլ անցնեն, կորուստները վերականգնվեն, ռեզերվները լիարժեք անցնեն պատրաստման փուլ: Ըստ նրա. «Միջազգային հարթակներում այս արձագանքներն ուղղակի կապված են մեր ԶՈՒ-ի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: Եթե մենք չկռվեինք այնպես, ինչպես կռվել ենք, այսպիսի արձագանքներ պարզապես չէին լինի»։