Հասարակություն

Ոստիկանները հայտնաբերել են 2019թ-ից սպանության մեղադրանքով հետախուզվողին

Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որոնք Կոտայքի բաժնի քրեական հետախույզներն իրացրին՝ համագործակցելով մարզային վարչության և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ։ Արդյունքում Սևանի թերակղզում հայտնաբերեցին և ձերբակալեցին 2019 թվականի հուլիսից սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդուն։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 15-ին Աբովյան քաղաքի 7-րդ դպրոցի խաղահրապարակում հայտնաբերվել էր նույն քաղաքի բնակիչ Վահե Գևորգյանի դին՝ հրազենային և այլ վնասվածքներով։

Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումներով պարզվել էր, որ 2019 թվականի հուլիսի 15-ին 37-ամյա տղամարդը եղբոր հետ գնացել էր Աբովյանի 7-րդ դպրոցի խաղահրապարակ՝ Վահե Գևորգյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ իրենց հետ վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ ու հրազեն։ Խաղահրապարակում հանդիպել էին Վահե Գևորգյանին։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հարվածներ էին հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև 37-ամյա տղամարդը հրազենով կրակել էր Վահե Գևորգյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել էր:
Կոտայքի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում եղբայրներից մեկը դեպքից կարճ ժամանակ անց արդեն իսկ հայտնաբերվել ու կալանավորվել էր։ Մյուս եղբոր նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

37-ամյա տղամարդը հայտնաբերվելուց հետո ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու կալանավորվել։ Նախաքննությունը շարունակվում է։