ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ առողջապահության համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի։
Նախարարը վստահեցրել է, որ թե՛ տեղերում, մարզերում, թե՛ Երևանում ապահովում ենք վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը։
Ավանեսյանի խոսքով, իրենք ակտիվ կապի մեջ են Սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ. «Հումանիտար աջակցության կամ ընդհանրապես համակարգին աջակցելու բոլոր աշխատանքներն իրականացվում են համակարգված»։
Ինչ վերաբերում է արյան պաշարներին, ըստ Ավանեսյանի, եղած պաշարները բավարար են, համալրվում են. «Այո, մենք մշտապես հորդորում ենք քաղաքացիներին ներկայանալ համապատասխան բժշկական կենտրոններ և ժամանակ առ ժամանակ հանձնել արյուն, որ մեր պաշարներն անընդհատ համալրվեն»։