Հասարակություն

«Մինչ մենք քննարկում ենք՝ ինչպես առաջ շարժվել, հայերը պայքարում են իրենց կյանքի համար»․ Նանուշյանը՝ ԱՀԿ ամբիոնից

«Մինչ մենք քննարկում ենք, թե ինչպես առաջ շարժվել՝ հաղթահարելու առողջապահության առջև ծառացած մարտահրավերները, հայ զինվորներն ու քաղաքացիական անձինք պայքարում են հայ ժողովրդի և իրենց կյանքի համար»: Ադրբեջանի սանձազերծած ոտնձգություններին է անդրադարձել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի ամբիոնից:

Նախարարի առաջին տեղակալն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, նախքան քննարկվող բուն թեմային անդրադառնալը, ուզում եմ բարձրաձայնել, որ այսօր կեսգիշերին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից մի քանի ուղղություններով ձեռնարկել է լայնածավալ ռազմական հարձակում։ Ադրբեջանական զինուժը սկսել է ինտենսիվ հրետակոծել Հայաստանի քաղաքներն ու գյուղերը։ Հրետակոծություններն ուղղված են քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների, ներառյալ` առողջապահական ծառայությունների դեմ: Ռազմական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 49 զոհ։

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ վերջին չպատճառաբանված և չարդարացված ագրեսիան Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և այլ միջազգային ակտերի հերթական կոպտագույն խախտումն է։ Ադրբեջանի միակողմանի գործողություններն իրական սպառնալիք են միջազգային խաղաղության ու անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության կտրուկ և ժամանակին արձագանքին»,-նշել է Լենա Նանուշյանը: