Հասարակություն

Կհստակեցվեն աշխարհագրական նշումով արտադրանքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները

«Աշխարհագրական նշումների մասին» գործող օրենքով կարգավորվում են աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները: Օրենքը մշակվել է Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2012 թ. նոյեմբերի 21-ին ընդունված կանոնակարգի հիման վրա և համահունչ է Եվրամիության օրենսդրությանը, որն արձանագրվել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 231-րդ հոդվածի 1-ին մասում: Հայաստանում գրանցված աշխարհագրական նշումների ճանաչման և իրավական պահպանության ապահովման նպատակով չափազանց կարևոր է, որ օրենքում կատարված փոփոխություններով չխաթարվի այդ համապատասխանությունը և վերացվեն տեղ գտած անհամապատասխանությունները: Այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով գործող օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Գործող օրենքը համադրվել է ԵՄ կանոնակարգերով, լրացուցիչ առաջարկություններ են տրամադրվել հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացների շրջանակում ներգրավված ԵՄ փորձագետների կողմից: Համադրությամբ պարզվել է, որ հստակ տարանջատված չեն աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը և հսկողությունը կարգավորող դրույթները:

Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն աշխարհագրական նշումով արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև Կառավարության հեղինակած ««Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: