Հասարակություն

26.5 մլն եվրո՝ պետական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու համար

Այսօր մեկնարկած ԱԺ նիստում քննարկվել է Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի։ 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմամբ, ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունն ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար։ 

Ինչպես տեղեկացրել է  ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը. «Ծրագիրը կազմված է հետևյալ հիմնական մասերից՝ պետական կառավարման համակարգի արդիականացում, թվային ծառայությունների մատուցում, տվյալների կառավարում և թվային ենթակառուցվածքներ: Ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության 2021 և 2026 թվականների ծրագրին»։

Ըստ Մուրադյանի՝ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ Ծրագիրը։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ, ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի, արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը, ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները, հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն (G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում։

«ՊԵԿ-ին հատկացվող գումարը ամենամեծն է, որովհետև մենք ամենամեծ ծավալի նախագծերն ենք առաջարկել։ Հիմնական մի քանի ուղղություններ ունենք։ Ուղղություններից մեկը բջջային հավելածների զարգացումն է՝հարկային և մաքսային ծառայությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների բնագավառում։ ՊԵԿ-ում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, իրականացվում են էլեկտրոնային հարթակում, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում»,- ասաց Մուրադյանը։