Հասարակություն

«STARMUS»-ը նշանավոր իրադարձություն է մեր երկրի ու քաղաքի համար. Տիգրան Ավինյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը Հայաստանի և Երևանի համար շատ նշանավոր իրադարձություն է որակել այս օրերին անցկացվող «STARMUS» միջազգային փառատոնը։

Նրա խոսքով, «STARMUS»-ը գիտության և արվեստի միախառնություն է, և ՀԱՊՀ-ն հանդիսանում է «STARMUS»-ի գործընկերներից մեկը. «Մեր 150 ուսանողներ մասնակցել են տարբեր դասախոսությունների, համերգների, հնարավորություն են ունեցել շփվել մարդկանց հետ, ովքեր շատ բան են արել այս աշխարհում և մեծ փոփոխությունների հեղինակներ են։ «STARMUS»-ի և նմանատիպ միջոցառումների շարունակականությունը տեսնելու ենք ապագայում»։

Անդրադառնալով այսօրվա երիտասարդությանը, Ավինյանը նշեց, թե նրանք միշտ քայլում են առջևով. «Մեզանից է կախված, թե ինչ միջավայրում են քայլում, մեզանից է կախված, թե ինչ կրթություն են ստանալու, իսկ հետագան արդեն իրենց անելիքն է»։ Ավինյանը նաև ասաց, թե մեր երիտասարդությունը շատ ժամանակակից է. «Երբ շփվում ենք մեր քոլեջի ուսանողների հետ, այդ տարիքի երեխաները եթե գիտեն՝ ո՞վ է Բրայեն Մեյը, սիրում են այդ երաժշտությունը, վստահ եմ՝ դա խոսում է երաժշտական ճաշակի մասին, և որ երիտասարդները քաջատեղյակ են, թե ինչի մասին է այս միջոցառումը»։