Հասարակություն

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին

Աշնանը Հայաստանը կհյուրընկալի 40-ից ավելի երկրներից ժամանող սփյուռքահայերի: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից հոկտեմբերի 28-31-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով:

Օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը:

Գագաթնաժողովը կունենա շուրջ 600 մասնակիցներ սփյուռքից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով 2 հանդիպում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է գագաթնաժողովին վերաբերող առաջարկների և քննարկումների համար: